Վարչապետ Փաշինյանի հրամանով՝ օրերս Հրազդան քաղաքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լիլիթ Ստեփանյանը, ինչն անակնկալ էր նույն պաշտոնի թեկնածու անկուսակցական Լևոն Ստեփանյանի համար։ Նշենք, որ նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականից հետո անմիջապես սկսեցին քննարկել հավանական թեկնածուին՝ MYbookstore online գրախանութի հիմնադիր Լևոն Ստեփանյանին։
Նախկինում գործարարությամբ զբաղված 24-ամյա Ստեփանյանն արդեն շատ հրազդանցիների համար քաղաքապետի պաշտոնակատար էր, քանի որ «իր բոլոր հնարավորություններն օգտագործում է Հրազդանի կայացման ու զարգացման համար»։
«Անկեղծ ասած, ինչպես իմ, այնպես էլ ինձ ճանաչողների համար անակնկալ էր Լիլիթ Ստեփանյանի նշանակումը, քանի որ այդքան ակտիվ գործունեություններ ծավալելով հանդերձ չեմ ճանաչել նրան, միայն ֆեյսբուքյան իր էջի շնորհավորական մեկնաբանություններից կարելի է իմանալ նրա մասին։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի առաջիկա ընտրություններին, ես ամենայն հավանականությամբ կառաջադրեմ իմ թեկնածությունը»,-ասել է Լևոն Ստեփանյանը։
Ի դեպ, Ստեփանյանի մի շարք ընկերներ տևական ժամանակ է՝ չէին հավատում Լիլիթ Ստեփանյանի նշանակմանը, քանի որ Լևոնի և Լիլիթի ազգանունները նույնն են և դիմելով վարչապետին՝ ասում էին, որ հնարավոր է՝ անուններ է շփոթել Փաշինյանը։
Ըստ Լևոն Ստեփանյանի՝ նա ֆեյսբուքյան հայտ է ուղարկել Հրազդանի ԺՊ-ին, որպեսզի գոնե այդպես կարողանա ճանաչել նրան, իսկ հնարավորության դեպքում նաև համագործակցել նրա հետ։
«Սակայն մինչև հիմա չեմ ստացել իմ ընկերական հայտի պատասխանը։ էլի եմ կրկնում՝ ինձ համար շատ անսպասելի էր Լիլիթ Ստեփանյանի նշանակումը»,-ավելացնում է Ստեփանյանը և միևնույն ժամանակ համոզմունք հայտնում, որ առաջիկա ընտրություններում Լիլիթ Ստեփանյանը չի առաջադրվի՝ քաղաքապետի թեկնածու։