Թավշյա հեղափոխությունը Հայաստանը ազատեց ՀՀԿ-ական բռնապետության տիրապետությունից, մի բան, որը երկար տարիներ թվում էր անհնար: Հայաստանը ցնծության մեջ է, ու մարդկանց դեռ թվում է, որ, այն ինչ կատարվեց, ոչ թե իրականություն է այլ երազ, այնքան, որ անհավանական էր թվում տեղի ունեցածը: Բայց Հայաստանում կան բնակավայրեր, քաղաքներ և գյուղեր, որտեղ ցնծությունը և ազատագրումը կրկնակի բերկրալի: Էջմիածինը դրանցից մեկն է: Որովհետև եթե Հայաստանը համակենտրոնացման ճամբար էր ՀՀԿ-ական կլյուչնիկներով, ապա Էջմիածինը խիստ ռեժիմի գաղութ:
Էջմիածնում չէին գործում այն օրենքները, որոնք գործում էին ամբողջ Հայաստանի տարածքում: Իրեն գեներալ ու զորավար հռչակած հրեշը ըստ էության սեփականաշնորհել էր քաղաքը, այնտեղ հաստատելով իր օրենքներն ու կանոնները: Էջմիածնում ապրողները և Մանվել Գրիգորյանի զոհը դարձած այցելուները միայն գիտեին, որ քաղաքում բոլոր տեսակի հարաբերությունները կարգավորվում էին ոչ թե օրենքով, այլ Մանվել Գրիգորյանի քմահաճույքով: Նա էր որոշում, թե մեքենաները որտեղ կարելի է կայանել, և որտեղ է դա արգելված, ով պետք է իրավունք ունենա խանութ ունենալ, և ումից կարելի է խլել, ով իրավունք ունի ապրել Էջմիածնում, իսկ ում բնակարանը պետք է խլել: Եվ նույնիսկ մարդկանց կյանքի իրավունքը որոշվում էր Մանվել Գրիգորյանի քմահաճույքով, որովհետև նա էր որոշում` ով ունի ապրելու իրավունք, իսկ ով պետք է ինքնասպանություն գործի կամ դառնա դժբախտ պատահարի զոհ:
Իրավապահները դեռ կզբաղվեն Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների կողմից իրականացված հանցագործությունների բացահայտմամաբ, և մենք դեռ կիմանանք այդ հրեշի իրագործած մարդակերության սահմռկեցուցիչ մանրամասների մասին: Բայց դա իրավապահների գործն է, և մենք չենք ուզում դրան խառնվել: Մեր նպատակն է Էջմիածնի հիշողության պահապանումը:
ArmLife.am-ը ստեղծում է Էջմիածնի ողբերգությունը վերապրածների հիշողության էջ: Այս էջում մենք հավաքելու և հրապարակելու ենք Էջմիածնի գաղութացման 20 տարիների ընթացքում Մանվել Գրիգորյանի և նրա ազգականների կամայականությանը զոհ գնացած մարդկանց հիշողությունները: Մեր նպատակն է ամբողջ հայության համար բացել այն վարագույրը, որի տակ թաքնված է եղել շարքային էջմիածնեցու կյանքը, որը լի է եղել ամենօրյա վախերով և սարսափներով:
Արձագանքեք մեզ, սիրելի էջմիածնեցիներ, ներկայացրեք ձեր, ձեր հարազատների, մտերիմների և հարևանների պատմությունները, և մենք կհրապարակենք դրանք, և որպեսզի որևէ մեկի մտքով այլևս չանցնի համակենտրոնացման ճամբար սարքել մի ամբողջ երկիր, կամ քաղաքը դարձնել խիստ ռեժիմի գաղութ: Սպասում ենք ձեր արձագանքներին:
ArmLife.am