Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՔԿ փոխնախագահը Մարտի 1-ի գործով կհայտնվի՞ մեղադրյալի կարգավիճակում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ շրջանառվող լուրերի` երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:

Այս իրադարձությունը միանգամայն սպասելի էր: Ժամանակին Վահագն Հարությունյանը եղել է մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը: Ու մշտապես տեսակետ է հնչել, որ նա առանձնահատուկ դերակատարություն է ունեցել մարտի 1-ի հանցագործության կոծկման հարցում, երբ փորձեցին քրեական գործի նախաքննությունը տանել՝ մեղավորներ փնտրելով ոչ թե իշխանության, այլ ընտրակեղծիքների դեմ բողոքի դուրս եկած ընդդիմադիրների շրջանակներում:

Եթե չեք մոռացել, հենց նա էր համոզում, որ ընդդիմադիրների մոտ իբր հայտնաբերված ձողերն ու մահակները մարմնական վնասվածքներ պատճառելու համար էին: Հենց նա էր փորձում համոզել, թե մարտի 1-ի իրադարձություններին բանակը չի ներգրավվել, թեև տեսագրություններում երևում էին ՊՆ համարանիշներով մեքենաները: Հենց նա էր համոզում, թե մարտի 1-ին ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ, ծառայողական պարտականությունների չարաշահման որևէ դեպք չի եղել:

Հիմա, երբ թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործի քննությունը, ըստ այդմ, հերթով բացվում են նախաքննության ժամանակ թույլ տրված կեղծիքները, շատ հարցերում ակնհայտ դիտավորությունը, նրա հրաժարականը միանգամայն տրամաբանական է:

Առավել ևս, երբ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հավանական են համարում, որ որոշ ժամանակ անց այս գործով կարող է նույն Վահագն Հարությունյանը հայտնվի մեղադրյալի կարգավիճակում, երբ հիմնավոր փաստեր ներկայացվեն, որ նա ժամանակին փորձել է կոծկել հանցագործության հանգամանքները` չարաշահելով պաշտոնական լիազորությունները:

Հուսանք, երբ ՀՔԾ-ն կհասնի նաև մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի գործողությունների իրավաչափության ուսումնասիրությանը, Վահագն Հարությունյանը մարտի 1-ի մյուս պատասխանատուների նման ճողոպրած չի լինի երկրից» ։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL