Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին հանձնարարականը նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի՝ օրենքով նախատեսված բնակարանով ապահովման հարցն էր։ Վարչապետն իր աշխատակազմի ղեկավարին հանձնարարել էր մեկամսյա ժամկետում խնդիրը լուծել, սակայն մինչ այս պահը Սերժ Սարգսյանը բնակվում է Կոնդի առանձնատներից մեկում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Հետք»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ հանձնարարականի կատարման ուշացումն օբյեկտիվ պատճառներ ունի։
«Ի սկզբանե որոշում կար, որ պետք է տրամադրվի պետական գույքին պատկանող որևէ տարածք, որը կլինի համադրելի նախորդ երկու նախագահներին տրամադրված տարածքների չափորոշիչների հետ, սակայն տարբեր փնտրտուքների արդյունքում մենք չգտանք նման պետական գույք»,- ասաց Աղաջանյանը։
Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի գրասենյակից առաջարկել են որպես առանձնատուն՝ ԱԱԾ ընդունելությունների տունը դիտարկել, սակայն Կառավարությունը մերժել է։
«Դա մեզ համար ընդունելի տարբերակ չէր, քանի որ այն պետության օգտագործման ենթակա կառույց է, և այնպես չէ, որ այդ տարածքը չի օգտագործվում և կարելի է նվիրել նախկին նախագահին: Այն կոնկրետ նշանակության տարածք է, որը պարբերաբար օգտագործվում է շատ կարևոր իրադարձությունների համար»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ քանի որ պետական այնպիսի գույք չեն կարողացել գտնել, որի չափորոշիչները համարժեք լինեին առաջին և երկրորդ նախագահներին տրամադրված տարածքների հետ, որոշում է կայացվել մասնավոր անհատից գնել նման տարածք և տրամադրել Սերժ Սարգսյանին։
«ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ մի առանձնատան տարբերակ էր առաջարկվել, սակայն երրորդ նախագահի գրասենյակից ստացանք պատասխան, որ այդ տարածքն անընդունելի է իրենց համար՝ հաշվի առնելով այդ պայմաններում նախկին նախագահի անվտանգության ապահովման անհնարինությունը»,- ասաց Աղաջանյանը։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ նա անվտանգության աշխատակիցներին խնդրել է, որ իրեն տրամադրեն անվտանգության ապահովման անհրաժեշտ չափորոշիչների ցանկ, որպեսզի դրանց հիման վրա Կառավարության աշխատակազմից հարցումներ ուղարկեն անշարժ գույքի գործակալություններ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան գույք գտնելու համար։
hetq.am