Search
Close this search box.

Փաշինյանը հայտարարել է` դեռ վերջնական որոշում չկա. ՔՊ-ում քաոս է

Լուսանկարը՝ Զառա Բաթոյանի ֆեյսբուքի էջից, ՔՊ վարչության նիստ

Հայաստանում թեժ ամառ է նաեւ քաղաքական առումով: Ընտրական օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ՝ տարբեր քաղաքական ուժեր հայտարարում են այն մասին, որ մասնակցելու են առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մասնավորապես, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության բազայի հիման վրա ստեղծված Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստ է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ղուկասյանն ընդգծում է, որ ցանկություն ունեն քաղաքական այդ գործընթացի շրջանակներում համագործակցել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ:

«Երկու ձեւով էլ կարող ենք մասնակցել, եթե ձեւավորվի ժողովրդավարական ուժերի դաշինք՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, եթե ոչ, ապա մենք պատրաստ ենք նաեւ միայնակ մասնակցել ընտրություններին»,- ասաց նա:

Նորաստեղծ Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահի փոխանցմամբ՝ այս հարցի շուրջ քննարկումներ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ դեռ չեն եղել: Թե երբ կլինեն, պարզ չէ: Արդյո՞ք Քաղաքացիական պայմանագիրը կցանկանա որեւէ ուժի հետ համագործակցության եզրեր փնտրել, քանի որ ունի բարձր վարկանիշ. բնական է, որ համագործակցությունը այս պարագայում ձեռնտու է լինելու միայն երկրորդ կողմին: Մեր այս դիտարկումը Ղուկասյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ.

«Դա կախված է ծրագրերի քաղաքական հնարավորություններից: Վստահ եմ, որ ՔՊ-ի համար ինքնանպատակ չէ՝ իշխել իշխելու համար: Դաշինքները պետք է ստեղծվեն ռեսուրսները գնահատելով»,- մասնավորապես, ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Ժիրայր Սեֆիլյանը եւս հայտարարել է, որ «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» պատրաստվում են սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Սեֆիլյանի փոխանցմամբ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են, քանի որ դրանց անցկացման համար երկրում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ։

«Ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝ կազմակերպելու արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, և մենք այսօրվանից պատրաստվում ենք այդ ընտրություններին: Հուսով ենք, որ առաջիկայում ձեւավորվելիք Ազգային ժողովում կընդգրկվեն գաղափարական ուժեր, գաղափարակիր անհատներ»,- մասնավերապես, ասաց նա:

«Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարն ասաց, որ կառույցում դեռ չեն որոշել՝ ընտրություններին կգնան միայնա՞կ, թե դաշինքով: Այդ հարցի պատասխանն առաջիկայում պարզ է դառնալու քննարկումների արդյունքում։ Հարցին էլ՝ արդյո՞ք ցանկություն կա Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը սատարելու կամ նրանց հետ խորհրդարանական ընտրությունների գնալու, Սեֆիլյանը պատասխանեց.

«Բոլոր տարբերակներն էլ պիտի դիտարկել: Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, մենք նոր չէ, որ հայտարարում ենք, բանտից էլ հայտարարել ենք, որ աջակցել ենք շարժմանը: Վարչապետի ընտրությունից հետո շնորհավորել ենք, ողջունել ենք և նեցուկ ենք կանգնել: Այսօր էլ շարունակվում է նույն քաղաքականությունը»:

Ժիրայր Սեֆիլյանի այս պատասխանից ենթադրվում է, որ նրանք պատրաստ են ընտրությունների շրջանակներում համագործակցության: Սակայն առայժմ չեն ցանկանում բաց տեքստով այդ մասին հայտարարել: Այդ առումով կա երկու պատճառ՝ առայժմ «Սասնա ծռեր» զինված խմբի որոշ անդամներ շարունակում են մնալ անազատության մեջ եւ Քաղաքացիական պայմանագիրն առայժմ չի հայտնել այն մասին, որ ցանկանում է դաշինքով գնալ ընտրություններին: Հիմնադիր խորհրդարանում հավանաբար սպասում են, թե ինչպիսի որոշում է լինելու մյուսների կարգավիճակի մասով եւ նոր միայն կխոսվի հավանական համագործակցության մասին:

«Այսօր մեր անելիքի նախապատվությունն օր առաջ տղաներին ազատության մեջ տեսնելու աշխատանքն է, որին անձամբ ես լծված եմ: Բոլորը պիտի լինեն ազատության մեջ: Իսկ ինչ վերաբերում է դատաքննությանը, առաջին շահագրգիռ կողմը մենք ենք, որ լինի անաչառ դատաքննություն և բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել»,- մասնավորապես նշեց նա:

Սրան զուգահեռ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ում պատրաստ են այլ ուժի հետ գնալ խորհրդարանական ընտրությունների եւ, մասնավորապես, «Սասնա ծռերի» հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որպես այդպիսին Սասնա ծռեր քաղաքական կառույց չկա եւ դեռ շարունակվում է նրանց որոշ անդամների դատավարությունը:

Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում դեռ վերջնական որոշում չկա, թե ինչ ձեւաչափով են ընտրությունների գնալու: Այս մասով նշենք, որ ՔՊ-ում քաոս է տիրում: Կուսակիցներն «իրար են ուտում»: Բանն այն է, որ ՔՊ-ի մի մասը հակված է դաշինքով գնալ ընտրությունների, իսկ զգալի մասն առաջարկում է առանձին տարբերակը: Այսպիսով՝ արդեն չորս քաղաքական ուժ՝ Լուսավոր Հայաստանը, Հանրապետությունը, Հիմնադիր խորհրդարանը եւ Հայաստանի կառուցողական կուսակցությունը ցանկություն ունեն ՔՊ-ի հետ դաշինք կազմել:
armtimes.am

Please enter a valid URL