Search
Close this search box.

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը Փաշինյանի հորդորո՞վ է հրաժարական տվել, թե՞…

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հրաժարական ներկայացրեց: Սա միանգամայն սպասելի իրադարձություն էր. տևական ժանանակ է՝ Մարգարյանը փաստացի դադարեցրել էր գործունեությունը: Հունիսի 28-ին չի մասնակցել ավագանու նիստին, թեև բացակայությունը պաշտոնապես պատճառաբանվեց վատառողջությամբ:

Միաժամանակ իրավական դաշտում Տարոն Մարգարյանի շուրջ գնալով սեղմվում էր օղակը. ԱԱԾ-ում և ոստիկանությունում քրեական գործեր են հարուցվել, որոնցում շրջանառվում է նաև նրա անունը: ԱԱԾ-ն զբաղվում է նաև Մարգարյանի ունեցվածքի օրինականությունն ուսումնասիրելով:

Այնպես որ, տեղի ունեցածը որևէ նորույթ չէր, չնայած թավշյա հեղափոխությունց հետո Տ.Մարգարյանն ասել էր, թե իր օրակարգում հրաժարականի հարց չկա:

Հետաքրքիրն այն է, որ Մարգարյանը որևէ կերպ չի մեկնաբանել իր հրաժարականը, չի մատնանշել թեկուզ և չնչին պատճառ: Պարզ չէ՝ հրաժարականը համաձայնեցված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թե ոչ: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին` ասելով, թե «հրաժարականի տեքստում ամեն ինչ ասված է»: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը երեկ չէր պատասխանում «Ժողովուրդ» օրաթերթի հեռախոսազանգերին:

Մինչ այդ, հիշեցնենք, Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր, թե ինքը Մարգարյանին մեկ անգամ կհորդորի հրաժարական ներկայացնել, ու վերջինս կհետևի այդ հորդորին, վարչապետը նաև ասել էր, թե Մարգարյանը քաղաքապետ է դարձել ընտրակաշառքով: Ու հիմա պարզ չէ՝ Մարգարյանի հրաժարականը Փաշինյանի հորդորով է տեղի ունեցել, թե նա այդ քայլին գնացել է` հարուցված ու նախապատրաստվող քրեական գործերը տեսնելով:

Մյուս կողմից, սակայն, պետք չէ մոռանալ, որ Մարգարյանը ՀՀԿ ԳՄ անդամ է, ԱԺ ընտրություններում էլ ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարն էր: Ասել է, թե նա նախկին իշխանության առանցքային դեմքերից էր, որն ընդունելի չէր նոր իշխանությունների համար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL