ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։
2018 թվականի հուլիսի 09-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Ն.Գաբրիելյանի դին հայտնաբերել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։