ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը:
«Նա ընդամենը շնորհակալություն է հայտնել համատեղ գործունեության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոզա Սիրունյանը: Լրագրողների ճշտող հարցին, թե նրա խոսքում եղե՞լ են հրաժեշտի շեշտադրումներ, Ռոզա Սիրունյանը նշեց, որ ոչ:
«Ավելին ոչինչ չեմ կարող ասել, եթե հրաժարականի հետ կապված ինչ-որ բան լինի, ինձնից շուտ կիմանաք այդ մասին»,-ասաց Ռոզա Սիրունյանը:
Ռոզա Սիրունյանը նշեց, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը Երևանի համար շատ բան է արել: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ հրաժարական տա, միևնույն է նա շարունակելու է մնալ քաղաքացի, ով մտածելու է Երևանի մասին: Լրագրողները խնդրեցին Ռոզա Սիրունյանին ներկայացնել իր կարծիքն այն տեսանյութի վերաբերյալ, որը պատմում էր Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին:
«Ես ոչինչ չեմ կարող ասել, ոչինչ չգիտեմ: Ամեն դեպքում, յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխան տալիս իր արարքների համար»,-ասաց նա:
Լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: