Search
Close this search box.

Այսօր Վարդավառ է` Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը

Եկեղեցին այս օրը նշում է որպես Այլակերպության տոն: Տոնը, բոլոր ժամանակներում, թերևս, հայերի ամենասիրելի տոնն է եղել:

Վարդավառը ջրի տոն է և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյը Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց: Ամեն դեպքում, մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը, ուր գետերի, աղբյուրների ակունքներն են: Հենց ջրի ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, համայնական զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել:

Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն:

Վարդավառ բառը տարբեր ստուգաբանություններ ունի. բոլորն էլ բնութագրում են տոնի բազմահազարամյա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն` տոնի հիմնական սովորույթը: Կարծիք կա, որ տոնի հիմքը «վառ» բառն է, և տոնն առավել Աստղիկի սիրելի հրավառ Վահագնին է նվիրված եղել: Հնարավոր է` այդ երկու իմաստների զուգակցումն է. հուլիսին՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, հուրը մեղմելու համար մարդիկ ջրով են զովանում, ջուր են ցողում բակերում, առատորեն ջրտուք անում դաշտերում: Տոնի մյուս խորհուրդը պտղաբերությունն է. ոմանք կարծում են, թե տոնը նվիրված է եղել Անահիտ դիցուհուն: Ըստ հետքրիստոնեական ավանդության`ջրցողումը կապված էր Ջրհեղեղի հետ, իսկ Աստղիկը Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրն էր: Ամեն դեպքում, տոնի արարողական մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է:

Այս օրը մարդիկ միմյանց վարդեր են նվիրել: Որոշ ուսումնասիրողներ, հենվելով պատմական այն տվյալների վրա, ըստ որոնց Աստղիկը անվանվում էր «Վարդամատն», Վարդավառ բառը կապում են վարդ արմատին: Ասում են` վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով՝ նա սեր էր սփռում հայոց երկրում, իսկ հրածին Վահագնը, մշտապես պայքարելով վիշապների դեմ, պահում ու պաշտպանում էր այդ սերը:

Սիրահար երիտասարդներն աղավնիներ են թռցրել, ու թե աղավնին երեք անգամ պտտվել է սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության են տարել նրան: Տարվա մեջ այս օրն առաջին անգամ խնձոր են կերել. մինչ այդ այն արգելված միրգ էր:

Վարդավառյան տոնակատարության մյուս խորհուրդը սերն է` Վահագնի ու Աստղիկի սերը` մարմնի երկնային գեղեցկություն, նվիրում ու վայելք, իսկ քրիստոնեական շրջանից` Քրիստոսի սերը` ինքնազոհաբերվող աստվածային նվիրում Իր արարած աշխարհին, աստվածակերպության ներուժը կրող մարդուն: Եկեղեցական այլաբանության մեջ բազմաթերթ ու անուշաբույր վարդը կրում է Քրիստոսի կերպարը:

Վարդավառը միավորելու, ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն ունի, և այդ օրը սովորաբար հայրենի գյուղ, ծնողների տուն են գնում հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները:

Please enter a valid URL