Search
Close this search box.

Դանիել Իոաննիսյանն առաջարկում է փոփոխություններ ընտրություններին զինվորների քվեարկության կարգում

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հանձնաժողովի նիստում  առաջարկում է փոփոխություններ կատարել ընտրություններին զինվորների քվեարկության կարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իոաննիսյանն այս մասին ասաց նիստից հետո  լրագրողների հետ զրույցում:

«Քննարկվում է այն հարցը, որ քվեարկության ժամանակ զինվորների վերադասները իրենց մոտ չլինեն, և զինվորներն ազատ կատարեն իրենց քվեարկությունը: Այսինքն` նրանք ընտրատեղամասում չեն լինելու»,-ասաց Իոաննիսյանը:

Հաջորդը փոփոխությունը կապված է ընտրողին օգնելու մեխանիզմի հետ: Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նախորդ ընտրություններին 75 հազար մարդ օգնողի միջոցով է իրականում քվեարկություն կատարել: Առաջարկվում է նոր մեխանիզմներ, որպեսզի սահմանվի, թե ովքեր կարող են լինել այս կամ այն անձին օգնող:  Յուրաքանչյուր մարդ միայն մեկ հոգու կարող է օգնել, այն էլ եթե այդ ընտրատեղամասի ընտրող է:

«Այնպես պետք է անել, որ սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիները հնարավորինս ինքնուրույն քվեարկեն,  դրանից բացի, հստակեցնել, թե ովքեր կարող են օգնել: Հայտնի է, որ որոշ մարդիկ հաստիքով թոռնիկ էին աշխատում և հինգ, տաս տատիկի օգնում էին քվեարկության ժամանակ. դա պետք է բացառվի»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

Please enter a valid URL