Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը քաջարանցիներին վստահեցրեց՝ Հայաստանի ամեն քառակուսի մետրը ծաղկեցնելու կամք ունեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաջարանում հայտարարեց, որ Հայաստանի ամեն քառակուսի մետրը վերակառուցելու ու ծաղկեցնելու կամք ունեն։ Նա բոլորին հորդորեց միավորվել այս նպատակի շուրջ։  Վարչապետ Փաշինյանը քաջարանցիներին տեղեկացրեց, որ հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքագրված գումարներից հատկացումներ կկատարվեն համայնքային ծրագրերին։ «Այս այցն ունի նաև գործնական նպատակ՝տեղում ծանոթանալ իրավիճակին, տեսնել խնդիրները, որոնք պետք է  առաջնահերթ լուծենք։ Մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել ենք լուծումները։ Այսօր արդեն շատ կոնկրետ որոշումների ենք հանգել։ Դա վերաբերում է սուբվենցիաներին՝ Կառավարություն-ՏԻՄ համատեղ ծրագրերին, որոնց համար 2018-ի բյուջեով գումարներ նախատեսված չեն եղել։ Սյունիք մեր կատարած այցի ընթացքում գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվեց հակակոռուպցիան գործողությունների արդյունքում հավաքագրված 10 միլիարդ դրամ  հատկացնել կառավարության և համայնքների համատեղ ծրագրերին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ, չնայած Քաջարանում տեղակայված է խոշոր արդյունաբերական կենտրոն, այնուամենայնիվ, քաղաքային ենթակառուցվածքներն այնքան էլ զարգացած չեն։ «Այս պայմաններում պետք է քաղաքի միջին վիճակը որակապես տարբերվեր մյուս քաղաքների վիճակից, բայց ճանապարհների վիճակն, օրինակ, սպասվածի մակարդակի չէր»,-հավելեց Փաշինյանը։

Վարչապետը չմոռացավ շնորհավորել քաջարանցիներին Սահմանադրության օրվա առիթով։ «Եկել ենք ձեր աչքերի մեջ նայելու, ձեր «դուխը» զգալու, համոզվելու, որ դուք գիտեք՝ այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել և հաղթանակը ձեզանից յուրաքանչյուրի կերտածն է։ Այսօր այդ հաղթանակը տոնելու կարևոր օր է, քանի որ այսօր Սահմանադրության օրն է։ Սահմանադրության երկրորդ և անփոփոխելի հոդվածում գրված է ՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ որևէ մեկը չի համարձակվի ոտնձգություն իրականացնել ժողովրդի իշխանության վրա։

Please enter a valid URL