Այսօր տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 11-րդ համաժողովը: Օրակարգային մի շարք հարցերի թվում էր նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:
Քանի որ այս ընթացքում ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածու չհայտնվեց, ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի առաջարկությամբ որոշվեց նախագահի ընտրությունը հետաձգել մեկ ամսով, որպեսզի չկարծեն, թե ֆեդերացիան փորձում է հապճեպ ընտրություն անել և հնարավորություն չտալ մեկ այլ թեկնածուի առաջադրվել։
«Մենք չենք շտապում և այս մեկ ամիսը ոչ մի բան չի փոխի։ Եվ ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես ֆեդերացիայի նախագահ մինչև հաջորդ ընտրություններ՝ դրանով իսկ ստեղծելով հավասար պայմաններ մյուս ենթադրյալ թեկնածուների համար։ Այս ընթացքում լրատվամիջոցներով արվեց մի շարք հայտարարություններ մասնավորապես նշելով, որ պետք է ներդնել մինիմում 300000 դոլար, որը հատուկ մի գումար էլ չէ։ Առաջարկում եմ այդ մարդկանց իսկապես ներդնել բռնցքամարտի ֆեդերացիայում այդ գումարը, ինչով էլ ավելի լայն հնարավորություններ կստեղծվի պատշաճ աշխատանքի համար»,- նշել է Գևորգյանը։