«Եթե ուզում ես ցույց տալ չար մարդուն, գտիր որտեղ է նա բարի, եթե ուզում ես ցույց տալ բարի մարդու՝ գտիր, թե որտեղ է նա չար». Ստանիսլվասկու այս խոսքերն է որպես բնաբան ընտրել Վարդգես Դավթյանը իր նոր ժողովածուի համար: «Հեքիաթներ Ամերիկայի մասին» հոգեբանական ճեպանովելների ժողովածուն լույս է տեսել ԱՄՆ-ում 2017 թվականին: Այս եւ հեղինակի մյուս գրքերը ընթերցողները Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում են ընթերցում եւ քննարկում:
« Սա գրողի տուն- թանգարան է, մշակութային օջախ, որտեղ մշտապես կազմակերպվում են ընթեցումներ եւ գրական ցերեկույթներ: Մեր հերթական միջոցառումը նվիրված է Վարդգես Դավթյանի գրականությանը»,- ասում է Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը: Նա անկեղծանում է Վարդգես Դավթյան գրողին մի քանի ամիս է, ինչ հայտնաբերել է իր համար: «Վարդգես Դավթյանը ինձ համար իրոք բացահայտում էր: Նրա ստեղծագործությունները մարդկային դիմանկարների պատկերասրահ է: Ընդամենը մի քանի շտրիխ, մի քանի վրձնահարված եւ բացահայտվում է մարդկային ճակատագիրը: Նա խոսում է հայ մարդու մասին՝ բացահայտելով համամարդկային խնդիրներ: Ուրախ եմ, որ դեռ շատ կան գործեր, որ «վայելելով» պիտի կարդամ»,- պատմում է Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանի տնօրենը:
Գրական ցերեկույթը կազմակերպվել է « Զինվորի մայր» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
« Մեր կազմակերպությունը կոչվում է «Զինվորի մայր»: Թվում է՝ այն ոչ մի կապ չունի արվեստի եւ գրականության հետ: Սակայն ես կարծում եմ, հայ գրականությունը, հայի ինքնությունը արտերկրում տարածողները նույնպես զինվորներ են եւ մեր պարտքն է աջակցել նրանց եւ օգնել, որ նրանց գործերը հանրայնացվեն նաեւ հայրենիքում: Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանի հետ համատեղ մենք որոշեցիքն կազմակերպել այս հուշ ցերեկույթը, որը հույս ունեմ մտորելու առիթ կդառնա շատերի համար»,- ասում է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանը:
Վարդգես Դավթյանը իրեն նվիրված գրական ցերեկույթին ներկա չէ, շուրջ 20 տարի նա ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս են տեսել նրա ստեղծագործությունների վերջին չորս ժողովածուները: Մինչ այդ հեղինակը ապրել, աշխատել եւ ստեղծագործել է Հայաստանում: Մասնագիտությամբ հոգեբույժ է: Գրել սկսել է պրակտիկ գործունեությանը զուգահեռ: Նրա հեղինակած հոդվածները 90-ական թվականներին լույս են տեսել նորանկախ Հայաստանի տարբեր պարբերականներում: Ժողովածուների թիվը մոտենում է երկու տասնյակին: Նրա ճեպանովելների հերոսը մարդն է՝ իր հույզերով ու զգացողություններով:
«Վարդգեսը հոգեբույժ է եւ միաժամանակ գրող: Նրա պատմվածքների համար հիմնականում հիմք են հանդիսանում առողջ եւ հիվանդ մարդկանց հետ նրա ունեցած զրույցները: Անգամ փոքր դրվագը կարող է դառնալ մեծ ասելիք ունեցող նովելի նյութ: Կարծում եմ, իր մասնագիտությունն է դրդել, որ ավելի խորը ճանաչի մարդուն, ավելի շատ խորքեր գտնի, հանձնի թղթին եւ մատուցի մարդկանց»,- նկատում է Անահիտ Հովնանյանը:
[smartslider3 slider=263]