«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը ամռան երեք ամիսներին տոնական միջոցառում անցկացնելու նպատակով քաղաքային բյուջեից նախատեսում է ծախսել 34 մլն դրամ՝ մոտ 70 հազար դոլար: Օրինակ՝ «Երևանյան ամառ 2018 հունիս» մշակութային միջոցառման համար, որն արդեն կայացել է, ծախսել է մոտ 14 մլն դրամ:
Կազմակերպվել են ֆիլմերի ցուցադրություն, համերգներ: Իսկ ահա «Երևանյան ամառ 2018 հուլիս» մշակութային միջոցառումը նախատեսվում է անցկացնել հուլիսի 9-ին, Կարապի լճում կկազմակերպվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Այս միջոցառման համար կծախսվի մոտ 4 մլն դրամ: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ օգոստոսին կկազմակերպվի երկու միջոցառում՝ մինչև օգոստոսի 13-ը և 31-ին: «Երևանյան ամառ 2018 օգոստոս» մշակութային միջոցառումների շրջանակում, մինչև օգոստոսի 13-ը, Ազատության հրապարակում կկազմակերպվի DJ բենդերի մասնակցությամբ 4 ժամ տևողությամբ համերգային ծրագիր, որի համար կծախսվի մոտ 8 մլն դրամ:
Նույնքան կծախսվի նաև օգոստոսի 31-ին Կարապի լճի տարածքում համերգային ծրագրի համար:
Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանում, կարծես թե, չեն ըմբռնում երկրում տեղի ունեցած փոփոխությունները, և շարունակում են շռայլ ծախսերը, այն էլ՝ մեծ գումարներ են ծախսում անիմաստ ծրագրերի վրա»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: