«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ Կարծես թե յուրահատուկ սցենարով են զարգանում իրադարձությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց` կգնա՞ Քոչարյանը հարցաքննության։
Ի պատասխան Սողոմոնյանը նշեց. «Ճիշտն ասած` չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է այդ թեման (հարցաքննության կանչել-չկանչելու) այդպիսի դրամատիկ երանգներ ձեռք բերել: Եվ ինչո՞ւ եք դա ինչ-որ յուրահատուկ սցենար համարում: Ո՞րն է խնդիրը, ես չեմ հասկանում: Ձեր կարծիքով, եթե անցած տարիներին նախաքննական մարմնի մոտ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցեր ծագեին, ինքը հրաժարվելո՞ւ էր պատասխաններ տալ: Թե՞ ինքնին հարցաքննվելը ինչ-որ աշխարհացունց իրադարձություն է: Բացարձակապես:
Հիշեցնեմ` լինելով ՀՀ գործող նախագահ` Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հոկտեմբերի 27-ի» գործով քննիչին և պատասխանել է նրա հարցերին, ինչն արձանագրված է, և այդ զրույցը կցված է գործին (եթե չեմ սխալվում` նույնիսկ հրապարակված է մամուլում): Հիմա ո՞րն է հարցաքննության փաստի «պատմականացումը»` ես անկեղծ չեմ հասկանում»։
Հավելենք, որ Սողոմոնյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ»։
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: