Հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած ծեծկռտուքը դարձել է լայն քննարկան թեմա` զուտ այն պատճառով, որ տուժած քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, թե իրեն հարվածել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն, սակայն Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։ Նա դիմել է Գագիկ Ծառուկյանին` պահանջելով. «Խի չես լուծում որդուս ռոզիսկի հարցը»: Արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք, կա տուժող, ով անձամբ Գագիկ Ծառուկյանի անունը շրջանառում է իրեն ծեծողների ցանկում:
Տարիներ շարունակ Հայաստանում հարցերը լուծվել են պարտադրանքով, հեռախոսազանգով, բարեկամ-ծանոթով, քավոր-սանիկով, ընդ որում` հենց այդ կերպ հարցերը լուծվել են թե դատարաններում, թե ոմանց առանձնասենյակներում, թե ոմանց թաղում:
Մայիսի 8-ից հետո, երբ ՀՀ-ում նոր իշխանություն ձևավորվեց, անվերապահորեն առաջ քաշվեց օրինականության հաստատման խնդիր: Օրինականություն դատարաններում, դատախազությունում, ոստիկանությունում, դպրոցներում, բոլոր օղակներում, այդ թվում և զինված ուժերում: Եվ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից մեկն էր, որ ոչ միայն պնդեց, որ իր տղան պետք է ծառայի բանակում, ավելին` ի լուր հանրության, բաց ու թափանցիկ հայտարարեց, որ իր որդին կծառայի Արցախում:
ՀՀ վարչապետն այսօր թերևս ամենամեծ լիազորություններ ունեցող անձն է, ով կարող էր իր որդուն ազատել զինծառայությունից, սակայն դա չարեց, որովհետև հենց վարչապետի կողմից հաստատվել է նոր Հայաստանում օրինականության նոր կարգը:
Ավելին` արդեն 150 երիտասարդներ, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով խուսափել են իրենց պարտքը տալ հայրենիքին, այսօր ինքնակամ ներկայացել են զորակոչին և չեն ցանկացել Գագիկ Ծառուկյանի կամ մեկ ուրիշի միջնորդությամբ խուսափել ծառայությունից:
Բոլորովին վերջերս Գագիկ Ծառուկյանը հրապարակավ դեմ արտահայտվեց իր որդուն՝ Նվեր Ծառուկյանին, ով բազկամարտիկ է, զինծառայությունից տարկետում տալու առաջարկին: Ավելին` նա դիմեց նախարարությանը և կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդուն՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով:
Այո, նոր Հայաստանում իրողություններ են փոխվել: Ցավոք, բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի հոր համար Հայաստանը մնացել է սերժսարգսյանական Հայաստան: Ու հենց դրա համար էլ նա պահանջել է Ծառուկյանից լուծել իր որդու «ռոզիսկի» հարցը` դրդելով Ծառուկյանին անօրինական քայլի: Իհարկե, վատ է, որ բանը հասել է ծեծկռտուքի, սակայն կրկնակի ցավալի է, որ աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկի հայրը փորձել է շրջանցել ՀՀ վարչապետին, ոստիկանապետին, պաշտպանության նախարարին:
ArmLife.am