Search
Close this search box.

Հայաստանը կարող է 100 միլիոն դոլարի օգնություն ստանալ ԱՄՆ-ից

Նոր Հայաստանն արժանի է ԱՄՆ-ի ամենալայն աջակցությանը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը: Նրա խոսքով, կոնգրեսականների և գործադիր իշխանությունների մակարդակով քննարկումներ են անցկացնում Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան պետական կոռպորացիայի կողմից խոշոր օգնություն տրամադրելու վերաբերյալ.

«Դա բարդ գործընթաց է, հեշտ չի լինելու այդ խոշոր օգնության վավերացումը ստանալ, սակայն, ես զգույշ լավատեսությամբ եմ լցված»:

«Հազարամյակի մարտահրավեր»-ի հաստատման դեպքում Հայաստանին կարող է տրվել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն:

Կոնգրեսականի խոսքով, իր լավատեսության աղբյուրը նոր Հայաստանն է: Հայաստանի քաղաքացին, ով խաղաղ հեղափոխությամբ դուրս եկավ խորհրդային ավտորիտար և կոռուպցիոն ժառանգության ստվերից.

«Սկզբում ես մտահոգ էի, անհանգստանում էի, որ այդ իրադարձությունները Հայաստանը հետ կմղեն, որ կարող է արյունահեղություն լինել: Հետո՝ տեսա թե իրականում ինչ է կատարվում և դա կարծես հրաշք լիներ. մեկ քար չի նետվել, մեկ ատրճանակ չի կրակել: Այդ հեղափոխությունը կարծես տոնակատարություն լիներ: Երբ փոքր երեխաներն իրենց խաղալիքներով փակում էին փողոցները՝ այդ ամենն ուղղակի անհավատալի դրական զգացմունքներ էր արթնացնում»:

Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որ Հայաստանը ծաղկի և բարգավաճի, նշում է կոնգրեսականը: ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստանին ինքնուրույն ապահովել սեփական էներգետիկ կարիքները, նոր աշխատատեղեր ստեղծել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, նշում է կոնգրեսական Կանչելյան-Սպիրը, ով ներկայացնում է տեխնոլոգիաների առաջատար Սան Ֆրանցիսկոն.

«Գուցե, մենք կարող ենք ուղարկել Իլոն Մասկին, ով Հայաստանում արեգակնային էներգիան կզարգացնի եւ վերջ կդնի երկրի կախվածությանը արտերկրի էներգակիրներից: Գուցե, կարող ենք ուղարկել Մարկ Զաքերբերգին, ով կօգնի զարգացնել բարձր տեխնոլոգիաները: Հայաստանի տաղանդավոր երիտասարդները կարող են երկիրը համաշխարհային տեխնոլոգիաների կենտրոնի վերածել, եթե նրանց տրվեն այդ միջոցները»:

Առաջիկա ամիսներին Ջեքի Կանչելյան-Սպիրը նախատեսում է Հայաստան բերել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ևս մի խումբ՝ ԱՄՆ-ի օրենսդիրներին Հայաստանը ներկայացնելու և անձամբ ծանոթանալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Դա անչափ կարևոր այց է լինելու: Ես ցանկանում եմ մեր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի նոր կառավարությանն ու նոր վարչապետին»:

Please enter a valid URL