«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Էլայզեռ» ընկերության անունը շատերին հայտնի դարձավ դեռևս անցյալ տարի, երբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հայտարարվեց, թե 2016-2017թթ. ընթացքում ՊՆ-ի կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն մարգարին ու սպրեդ է մատակարարվել:
Այս գործով դեռ կալանքի տակ է ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Հայրապետյանը: Բայց նրա եղբոր՝ Արման Հայրապետյանի ներկայացրած փաստերից միանգամայն այլ պատկեր է ստացվում. Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման օրոք պաշտպանության նախարարության աշխատակազմը որոշել է, թե իբր մատակարարված կարագն իրականում սպրեդ ու մարգարին է, բայց հետո ՊՆ-ն օգտագործել է 180 տոննա ապրանքի զգալի մասը՝ 160 տոննան:
Իսկ այս ողջ պատմությունը սարքվել է այն բանի համար, որ ՊՆ-ն խզի «Էլայզեռի» հետ մատակարարման պայմանագիրը և չվճարի դեռևս չվճարված ապրանքի դիմաց: «Քանի որ ԱԱԾ կողմից կատարված փորձաքննություններից հետո ՊՆ-ն նոր փորձաքննությունների է ենթարկել այդ ապրանքը, այդ թվում` արտերկրում, որոնց արդյունքներով պարզվել է, որ այդ ապրանքն իրականում կարագ է, ուստի և տրամադրվել է անձնակազմին»,- «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է Ա. Հայրապետյանը»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: