Ադրբեջանական լրատվամիջոցները հպարտորեն կադրեր են ցուցադրում, որոնցում մի խումբ ռուս պատգամավորներ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ նկարվել են Ղարաբաղի սահմանի ադրբեջանական խրամատներում եւ Լելե Թեփեի բարձունքի մոտ հարցազրույց են տալիս «աբորիգեններին»: Նրանք ասել են, որ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, որ Ռուսաստանի միակ դաշնակիցը ռեգիոնում Ադրբեջանն է, Ադրբեջանին պետք է վաճառել այնքան զենք, որքան պետք է, եւ այլն:
Ռուս գործիչների այցն Ադրբեջան, որոնց թվում են եվրասիական միջազգային շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւը, հասարակական գործիչ Մաքսիմ Շեւչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն, իշխող Միասնական Ռուսաստան կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը, Ռուսաստանում Բաքվի լոբբիստական ծրագրի գագաթնակետն է:
Հայաստանում հեղափոխությունից անմիջապես հետո, երբ Բաքվում հասկացան, որ բոլոր նախկին պայմանավորվածությունները եւ «հաղթանակները» զրոյացվել են, երբ Նիկոլ Փաշինյանը հասկացրեց, որ չի խոսելու Ղարաբաղի անունից, Իլհամ Ալիեւը որոշել է «նոր» տեխնոլոգիաներ գործի դնել՝ հին ու բարի կաշառքը:
Երկար տարիներ խավիարային աշխատավարձ ստացող ռուս աքսակալները, նրանց գործընկերներն ու փորձագետները Ալիեւի համար սխեմա են առաջարկել: Պետք է ապացուցել, որ նոր Հայաստանը Ռուսաստանի թշնամին է, որ հեղափոխությունն ամերիկյան նախագիծ է, եւ միայն Ադրբեջանը կարող է օգնել Ռուսաստանին պահել Հայաստանը: Դա կարող են անել ռուս լոբբիստները, որոնք չեն հրաժարվի փողից:
Մոսկվայում գտել են մարդկանց, ովքեր պատրաստ են առաջ տանել այդ գաղափարը, ու վճարել են նրանց: Դրանից հետո ադրբեջանական ու ռուսական մամուլում սկսեցին հոդվածներ տպել Հայաստանի նոր կառավարության հակառուսական ուղղվածության մասին: Հոդվածները շատ նման են իրար, դրանցում թվարկվում են Հայաստանի նոր կառավարության անդամներն ու նրանց արեւմտյան դիպլոմները: Ի դեպ, Հայաստանի եվրասիական մամուլը նույնպես հաճույքով արտատպում է այդ հոդվածները, հավանաբար, անվճար:
Էժան ու կացնային լոբբիզմը, անկասկած, ուղղված է ոչ Ռուսաստանի ղեկավարությանը, որը Հայաստանի ղեկավարության հետ շփվում է առանց ադրբեջանցի թարգմանիչների: Ավելի շուտ, Ալիեւի համար արդեն դժվար է բացատրել սեփական հանրությանը, թե ինչպես է Հայաստանում հաջողվել անարյուն հեղափոխություն անել, ոչ ոքի չսպանել, չնստեցնել, իսկ Ադրբեջանը բանտում է պահում հարյուրից ավելի քաղբանտարկյալների:
Ռուսաստանում ադրբեջանական լոբբիստներն արդեն չեն թաքցնում իրենց դեմքերը: Նրանք չէին էլ թաքցնում, մնում էր միայն գումարի չափը նշել: Որքա՞ն են վճարել Մաքսիմ Շեւչենկոյին, որ այս շոգին Ղարաբաղ գա մյուս կողմից: