Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է այսօր կայանալիք Դանիա — Հայաստան խաղի մասին:
«Մենք պատրաստ ենք այս ծանր մրցավեճին, թեև ունենք կադրային լուրջ կորուստներ, և չենք կարողացել մարտական կազմով ներկայանալ հանդիպմանը: Մեր տղաները պատրաստ են կռվի և հույս ունենք, որ կհաջողվի հասնել դրական արդյունքի: Հայաստանի հավաքականը արդեն ապացուցել է, որ կարող է հաղթել ուժեղ մրցակիցների: Մի քանի օր առաջ մենք հաղթեցինք Ասիայի լավագույն հավաքականներից մեկին՝ Լիբանանին: Այժմ մեզ սպասվում է շատ ծանր հանդիպում Դանիայի ազգային հավաքականի հետ:
Մրցակիցը շատ լավ մարզավիճակում է և վերջերս վստահ հաղթանակներ է տոնել ընկերական հանդիպումներում՝ առավելության հասնելով Կիպրոսի և Շվեցարիայի նկատմամբ:
Հատկապես տպավորիչ է եղել Դանիա- Շվեցարիա մրցավեճը, որտեղ սկանդինավները հաղթել են Շվեցարիային 40 միավորի տարբերությամբ:
Մենք երիտասարդ և հեռանկարային թիմ ունենք, որին մեծ ապագա է սպասվում, անկախ այսօրվա հանդիպումից ես վստահ եմ, որ հայկական բասկետբոլը լավ ապագա ունի, եթե ստանա պետական աջակցություն:
Այսօր մեզ բոլորիս միավորում է մեկ բան՝ բարձր պահել Հայաստանի պատիվը, և մենք մեր նպատակին հասնելու համար կներդնենք մեր ողջ ուժերը»,- նշել է մարզիչը՝ ՀԲՖ-ի հետ զրույցում: