ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Վերջին շրջանում ինձ ուղղված բազմաթիվ բողոքների հետ կապված՝ ամսվա սկզբին դիմել էի ՏՄՊՊՀ, մասնավորապես՝ հեղուկ գազի 1 լիտրի արժեքի 180-ից 210 հայկական դրամ բարձրացվելու, ապա 200 դարձնելու և գինն այդ շեմի վրա պահպանվելու հարցով։
Սպառողները վստահ են, որ բարձրացումն անհիմն է։
Իմ կողմից առաջարկվել էր իրականացնել հեղուկ գազի շուկայում գների ավելացման ուսումնասիրություն և չարաշահումներ հայտնաբերելու դեպքում իրավախախտ անձանց ենթարկել պատասխանատվության՝ կարգավորելով շուկայում գնային անհիմն տատանումները։
Այսօր ստացել եմ հանձնաժողովի նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը, որում նա հայտնում է, որ հանձնաժողովը ավարտել է հեղուկ գազի ոլորտում իրականացված ուսումնասիրությունը, որն ընդգրկել է ինչպես շուկայի կառուցվածքի, այնպես էլ գնագոյացման շղթան:
Ըստ ՏՄՊՊՀ տվյալների՝ որոշ երևույթներ կարող են առավելապես վկայել խոշոր ներմուծողների մոտ փաստաթղթերով իրականից ցածր գնի առկայության ռիսկերի մասին, ինչի կապակցությամբ հանձնաժողովը առկա ամբողջ նյութերը փոխանցել է ՊԵԿ՝ առաջարկելով իրականացնել իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ հսկողական միջոցառումներ՝ հեղուկ գազի փաստաթղթերում արտացոլված տվյալների իսկությունը ճշտելու ուղղությամբ:
Քանի որ հանձնաժողովի ուսումնասիրությունները կատարվում են տնտեսվարողների կողմից ներկայացված փաստաթղթային տվյալների հիման վրա, որոնց լիարժեք և հավաստի լինելը մրցակցային մարմնի կողմից գնահատականներ հնչեցնելու կամ որոշում կայացնելու համար խիստ էական է, ուստի ՊԵԿ կողմից անհրաժեշտ հսկողական միջոցառումներ իրականացվելուց հետո, ևս մեկ անգամ կկատարվի ուսումնասիրություն:
Մանրամասները՝ կից ներկայացված փաստաթղթում։
Ես շարունակելու եմ հետևողական կերպով պաշտպանել մեր քաղաքացիների շահերը բոլոր ատյաններում։
Սպասենք հետագա արդյունքներին.․.