Search
Close this search box.

Գրում եմ, որովհետև վերացել է վախի մթնոլորտը. Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին

Մեծարգո նախարար
Գնահատելով Ձեր մեծ ավանդը Հայաստանում կրթական համակարգի արդյունավետության բարձրացման, այդ համակարգին խորթ կոռուպցիոն երեւույթների, հովանավորչության դեմ պայքարում` դիմում եմ Ձեզ եւ ակնկալում Ձեր օգնությունը: Շուրջ 28 տարի աշխատում եմ Գեղարքունիքի մարզի Սեւանի քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում: 23 տարի աշխատել եմ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, իսկ վերջին վեց տարիներին աշխատում եմ տնօրենի տեղակալ: Դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ, ՀՀԿ Սեւանի կանանց խորհրդի նախագահ Աննա Նիկողոսյանը` չընդունելով առանց ՙմաղարիչի՚ իմ փոխտնօրեն դառնալու հանգամանքը, վեց տարի շարունակ ինձ նվաստացնելով` անհնար է համարում մեր համատեղ աշխատանքը: Զանազան անհիմն պատճառաբանություններով` նա փորձում է սեւացնել իմ աշխատանքը, գցել իմ հեղինակությունը կոլեկտիվի աչքում: Նա այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իր ՙմարդուն՚, ով հավատարմորեն կծառայի իր սեւ գործերին: Հարաբերությունները տնօրենի հետ ավելի վատացան, երբ հրաժարվեցի սկզբից եւեթ մասնակցել նրա ծննդյան օրվա, Նոր տարվա, մարտի 8-ի եւ այլ առիթների դրամահավաքությանը, որոնք դպրոցում սկսվել են Ա. Նիկողոսյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից: Նրա կողմից նույնիսկ սահմանվել է դրամահավաքի հստակ չափ` կոպիտ ասած ՙստավկա՚` 10 հազար դրամ: Նաեւ` յուրաքանչյուր ամիս առաջինից չորրորդ դասարանների աշակերտները 1000 -ական դրամ են վճարում սնունդի համար` ընամենը` 300 հազար դրամ, նաեւ ամբողջ տարին դպրոցում ինչ ինչ են տոմսեր ստիպողաբար վաճառվում: Չնայած բոլոր բողոքներին, ԶԼՄ-ների ահազանգերին, թերթերում տպագրված հոդվածներին` նա շարունակում է իր գործը` ինձ ու ինձ նման դրամահավաքներին չմասնակցող անձանց գցելով ՙսեւ ցուցակ՚: Իսկ վրեժ լուծելու եւ ՙմեր տեղը՚ ցույց տալու եղանակը` մեզ նվաստացնելն է: Ընդամենը մեկ օրինակ, որը վերջնականապես լցրեց իմ համբերության բաժակը եւ որոշեցի դիմել Ձեր օգնությանը. օրերս ՙՎերջին զանգի՚ օրը` միջոցառումը սկսվելու պահին Ա. Նիկողոսյանը հանձնարարեց ինձ ծնողների ոտքերի տակ գորգ փռել, որպեսզի հատակը չվնասվի: Այն դեպքում, երբ ծնողները` չնայած ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պահանջներին` կազմակերպեցին տնօրենի ճաշակով ճոխ ՙՎերջին զանգ՚` գումար հավաքելով երաժշտության, նկարահանման, դահլիճի զարդարման եւ գորգերի լվացման համար, որով պետք է փակվեին դահլիճի հատակը: Բաց էր մնացել միայն մուտքը, որը գորգով փակելու ՙպատիվը՚ տնօրենը հանձնարարել էր ինձ: Ես, իհարկե, չկատարեցի տնօրենի հանձնարարությունը եւ չմասնակցեցի նաեւ միջոցառմանը: Տնօրեն Ա. Նիկողոսյանն` իր թիկունքին ունենալով հանրապետական կուսակցության հովանավորությունը անսանձ է, իր ձեռնարկումներում ոչ մի բանի առաջ չի կանգնում` ասելով իմ դեմ խաղ չկա եւ տեղի, անտեղի վիրավորում է կոլեկտիվի անդամներին: Շարժման օրերին նա փակում էր դպրոցի դռները, որպեսզի ուսուցիչները, աշակերտները չմասնակցեն դրան, մատ էր թափ տալիս բոլորիս վրա եւ աշխատանքից հեռացնելու սպառնալիք էր հնչեցնում բոլոր նրանց հասցեին, ովքեր փորձում էին պաշտպանել շարժումը, դրական խոսել դրա մասին: Թավշյա հեղափոխության օրերին ուրախությամբ բարձրաձայնում էի, որ ի վերջո փոխվելու է տնօրենի` աշխատողների նկատմամբ վերաբերմունքը, որ Աննա Նիկողոսյանի նման վայ տնօրենները, որոնք այդ պաշտոնին են հասել մարզպետների գրպանը դոլար խոթելով` վերջապես հրաժեշտ կտան իրենց պաշտոնին: Ես նրա ճակատին ասացի, որ մինչեւ վերջ պայքարելու եմ նրա դեմ: Երկու տարի առաջ Ա. Նիկողոսյանը դիմել էր Գեղարքունիքի մարզպետարան` ինձ ազատելու համար: Սա այն ժամանակ, երբ տղաս Ազգային բանակում էր ծառայում, իսկ աղջիկս բժշկական համալսարանի կլինօրդինատր էր եւ նրանց պետք էր իմ աջակցությունը: Սակայն նա իր նպատակին չհասավ եւ նրա պայքարը ինձ աշխատանքից հեռացնելու համար ավելի վճռական դարձավ: Տնօրենը շարունակում է ինձ տհաճ վիճակների մեջ գցել, ինձ վերագրել սարքովի եւ մտացածին բաներ` դրանով փորձելով սեւացնել կոլեկտիվի աչքում: Ուսուցիչներին աշխատանքի է կանչումՙտաբել՚ դնելով եւ ստիպում մնալ մինչեւ ժամը 16.00, պատճառաբանելով, թե ՙմեր մեջ կան ՙգործ տվողներ՚ եւ ինքը վախենում է: Բնական է, որ ես հասկանում եմ գործընկերներիս վրդովմունքի պատճառը իմ նկատմամբ: Չէ որ նրանք 10 ազարական դրամներ հավաքելով` ամբողջ տարին երբ ուզել ե ն` տուն են գնացել: Իսկ հիմա` ՙիմ պատճառով՚` հարկադրաբար պետք է մնան մինչեւ ժամը 16.00: Բանն հասել է այնտեղ, որ կոլեկտիվի շատ անդամներ նույնիսկ վախնում են շփվել ինձ հետ: Մի քանի ամիս առաջ մի ծնողի բողոքի հետքերով` ում տնօրենը բոմժ էր անվանել, դպրոց եկան Գեղարքունիքի փոխմարզպետ Ա. Հակոբյանը, կրթության վարչության արդեն նախկին պետ Գարիկ Բադալյանը: Ծնողը բողոքել էր դրամահավաքչության համար, որը կատարվել էր դպրոցի վերանորոգումից հետո գրատախտակներ եւ վարագույրներ գնելու նպատակով: Սա այն դեպքում, երբ մարզպետարանը դպրոցի շահույթից գումար էր տրամադրել այդ նպատակի համար: Նրանք եկան, արձանագրեցին կատարվածը եւ համոզվեցին, որ ծնողը ճիշտ է` իրոք եղել է դրամահավաք: Թեեւ գտնվեցին մարդիկ, որոնք պաշտպանության տակ առան տնօրենին: Փոխմարզպետի հորդորը տնօրենին եղավ այլեւս գումար չհավաքել: Ավելին, նույն բողոքի շրջանակներում կրթության վարչության պետը պարտադրեց, որ հետայսու փոխտնօրենները, կազմակերպիչը դասղեկ լինել չեն կարող եւ դպրոցում առկա այլ անօրինությունները պետք է արագ վերացվեն: Հանձնաժողովը բոլոր փաստերը ներկայացրեց մարզպետին: Բայց անգամ ՀՀ նախկին վարչապետի օգնականի այցը դպրոցը էլի ոչինչ չփոխեց: Հարկադրված բողոքող ծնողը իր երեխային այլ դպրոց տեղափոխեց: Աննա Նիկողոսյանի ապօրինություններին վերջ չկա եւ երկար կարելի է դրանց մասին խոսել: Սակայն կցանկանայի, որ առիթի դեպքում Դուք աչքի անցկացնեիք տնօրենի եւ մյուս փոխտնօրենի ստացած կրթությունը, նրանց պարապած ժամերը /ամբողջ տարվա ընթացքում պարապում են մի քանի ժամ` այն էլ դասի կեսը/: Տնօրեն Ա. Նիկողոսյանի ցածր գիտելիքների մասին է խոսում թեկուզեւ այն փաստը, որ նա կարողացավ հավաստագիր հանել երկրորդ փորձից` այն էլ մի կերպ` ծանոթ-բարեկամների միջոցով: Խնդրում եմ` եթե հնարավոր է, նայեք նրա հանձնած քննությունների արդյունքները: Կարգապահությունից է խոսում մի անձնավորություն, ով աշխատանքի է գալիս ժամը 10.00-ից ոչ շուտ: Չեմ կարող չխոսել նրա կողմից կիրառված վենդետաների մասին 2017թ. ապրիլն տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ եւ հետո: Լինելով Գեղարքունիքի մարզի ՀՀԿ ռեյտին գային ցուցակում, նա պարտադրեց ուսուցիչներին, ծնողներին ներկայացնել ցուցակներ եւ հավաստել, որ նրանք իրեն են ընտրելու: (առկա է տեսաձայնագրություն) Ընդ որում` բոլոր ծնողկոմիտեները դասարանական ժողովներից հետո ցուցակներով ներկայացրել էին Ա. Նիկողոսյանին ՙհավատարիմ՚ 1200 ընտրողների անուններ: Արդյունքում նա Սեւանի տարածքից ստացավ 12 ձայն, իսկ մարզից ընդամենը 120 ձայն: Սա խոսում է Սեւանում նրա հեղինակազրկված լինելու մասին: Ես համոզված եմ, որ այս նամակից հետո էլ, Ձեր` դպրոցում լինելու դեպքում էլ գործի են դրվելու ամեն տեսակի լծակներ` հակառակն ապացուցելու եւ Աննա Նիկողոսյանին բարձրակարգ տնօրեն ներկայացնելու համար: Համոզված եմ, որ իմ կողքին չի կանգնելու նաեւ գործընկերներիցս ոչ մեկը, քանզի տնօրենին հաջողվել է դպրոցում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ոչ մեկը չի համարձակվի բարձրաձայնել նրա ապօրինությունների մասին: Բայց գրում եմ` ապավինելով Ձեր օգնությանը, քանզի տեսել եւ համոզվել եմ, որ Դուք անշահախնդիր անձնավորություն եք եւ պայքարում եք մինչեւ վերջ: Նաեւ` Հայաստանում հիմա շատ բան է փոխվել եւ ամենակարեւորը` վերացել է վախի մթնոլորտը:

Հարգանքներով` Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Դարիկո Ադամյան

Please enter a valid URL