Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին «Չեխոսլովակ գրուպի» զենքի վաճառքի

Չեխահայ համայնքի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 27-ին բողոքի ակցիա են կազմակերպել Պրահայում, որով իրենց բողոքն են հայտնել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի դեմ, հաղորդում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը:

«Դադարացրեք Ադրբեջանին զենքի վաճառքը», «Սլովակիա, հարգիր զենքի վաճառքի էմբարգոն», «Սլովակիա, ենթարկվիր ԵՄ էմբարգոյին», «Սլովակիա, զենք մի վաճառիր Ադրբեջանին», «Սլովակիա, մի խրախուսիր արյունահեղության շարունակությանը» եւ այլ կոչերով տասնյակից ավելի հայ երիտասարդներ եւ չեխահայ համայնքի անդամներ այսօր՝ հունիսի 27-ի առավոտյան նախ բարձրաձայնել են «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, ապա շարունակել են բողոքի ակցիան Պրահայում Սլովակիայի դեսպանության դիմաց։

Սլովակիայի դեսպանությունը վերահսկում էր չեխական ոստիկանությունը, իսկ Չեխիայի հայ երիտասարդական միության կազմակերպած ակցիան անցավ խաղաղ մթնոլորտում։

Հիշեցնենք, որ «Չեխոսլովակ Գրուպի» արտադրած «Դանա» հաուբիցները անօրինական ճանապարհով շարունակվում են վաճառվել Ադրբեջանին: Այս վաճառքը խախտում է Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի Եվրամիության սահմանած էմբարգոն: Վաճառքն իրականացվում է Սլովակիայի կառավարության հաստատած լիցենզիայով:

Այժմ չեխահայ երիտասարդները պատրաստվում են նաեւ համացանցային բողոքի ակցիա սկսել, այդպիսով ներգրավելով ավելի լայն խավերի։

Please enter a valid URL