Search
Close this search box.

Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլև նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. ՀՀ նախագահ

Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արևելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը:

Միջոցառմանը Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի առաջին հանրապետության դերին ու նշանակությանը, կարևորել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան:

«Մեր այսօրվա ուղերձը հստակ է: Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլև նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,-մասնավորապես նշել է նախագահը:

Ընդունելությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Please enter a valid URL