«Երկիր ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով իր կողմից վերջին մեկ տարվա գործողությունները:
«2017 թվականի հունիսի 6-ին «Երկիր Ծիրանի» խմբակցությունն ազդարարեց իր մուտքը Երևանի քաղաքապետարան՝ կոտրելով Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի նկարներով ափսեներ։
«Երկիր Ծիրանի» խմբակցությունը երևանցիներին խոստացավ ազատագրել Երևանի քաղաքապետարանը քաղաքային իշխանությունը զավթած ՀՀԿ-հանցախմբակից, Երևանը դարձնել ժամանակակից և մաքուր քաղաք, լսել երևանցիների կողմից բարձրաձայնված հարցերը և փորձել դրանց տալ լուծումներ, կարգավորել տրանսպորտի և այլ հիմնախնդիրներ։
Մեկ տարի առաջ շատերը հեգնախառն ժպիտով էին ընդունում այս հայտարարությունները։ Նույն ինքը՝ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու նիստերը անվանում էր ուրախ, պարբերաբար խախտում էր ընդդիմադիր ավագանիների իրավունքները, ապօրինի կերպով օտարում էր երևանցուն պատկանող տարածքները, իր համար երգող-պարողներին նվիրում էր բնակարաններ։ Մեր բազմաթիվ ահազանգերը քաղաքային բյուջեի թալանի մասին, նա վերագրում էր մեր երևակայությանը, թեև դրանք փաստագրված էին՝ սևով սպիտակի վրա։ Երևանի ավագանու նիստերը վարող այրը տարեկան մի քանի անգամ Երևանը ջրախեղդ էր անում։ Դուրս գրելով միլիոնավոր դոլարներ՝ նա չէր մտահոգվում Երևանի մաքրությամբ, քանդում ու ավերում էր երևանյան այգիները՝ դրանց տարածքները վաճառելով, բետոնապատելով։ Ու … վեր էր խոյացնում սեփական առանձնատները։
Զավթելով քաղաքապետի աթոռը՝ կանանց ծեծելով, շարունակելով իր «մասնագիտական» ունակությունները կանանց ծեծի ասպարեզում, նաև ավագանու նիստերի դահլիճում՝ Տարոն Մարգարյանը ողջ աշխարհի հայությանը ցույց տվեց ՀՀԿ-խմբակի էությունն ու «ուժը»։
Այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի ղեկը զավթած բռնապետ Սերժ Սարգսյանը շարունակում էր իր բազմամյա չեկիստական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, վաշխառուական ստոր գործարքներ էր իրականացնում մեր հայրենի սուրբ հողերի, մեր զինվորների արյան, մեր որդեկորույս սևազգեստ մայրերի արցունքների, մեր երեխաների հանապազօրյա հացի վրա։ Իսկ ժողովրդի ատելությունից պաշտպանվում էր բարձր պարիսպների ու ոստիկանական ժիլետների հետևում։ Սահմանադրական «բարեփոխումները» կարկատելով իր հասակով և գլխի չափսով՝ նա փորձ կատարեց շարունակել իր իշխանությունը՝ տոտալ բռնակալական ռեժիմի հաստատման միջոցով, սակայն Համահայկական Մեծ Ընդվզումը կտրեց նաև նրա երազների թելը։
Համազգային Մեծ Ընդվզումը չի ներում հայրենիքի առքուվաճառքով զբաղվող գաճաճներին, չի ներում իրենց անցյալը մոռացած և փողի փայլից կուրացած ազգադավերին, չի ներում մեր ազգային արժեքներն ապականող ու ոչնչացնող ցանկացած մարդու։
2017 թվականի հունիսի 6-ից անցել է շուրջ մեկ տարի։
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ստանձնելով իր պարտականությունները, փշուրների վերածեց Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի նկարներով ափսեները։ Փաստացիորեն, այս երկու անձնավորությունն այսօր «փշրվել են»։
Սակայն հեղափոխությունն իր ավարտին կհասնի միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը և նրանց հանցակիցներն իրենց «հանգիստը» գտնեն համապատասխան քրեակատարողական հիմնարկներում, երբ պետական գանձարան վերադարձվի Հայաստանի Հանրապետությունից ապօրինի կերպով դուրս բերված շուրջ 30 միլիարդ դոլարը, երբ դադարեցվի հայրենի ընդերքի անխնա և հանցավոր շահագործումը, երբ փոխվեն օրենսդիր և դատական համակարգերը։
Այնժամ, ի վերջո, անցյալի մղձավանջից արդեն թոթափված, կսկսենք կառուցել մեր երկիրը։
Այդ օրը նույնպես սարերի հետևում չէ…»: