ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Պարոն Փաշինյան,
Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ. Հայրիկյանի վրա 2 (երկու) անգամ կրակել են և իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել:
Սակայն, դատավարության ժամանակ, դատախազ Ամիրզադյանը մեկ կրակոցը հանեց քրեական գործից:
Իմ և իմ փաստաբանի հարցերի ճնշման տակ, դատախազ Ամիրզադյանը չկարողացավ հիմնավորել, թե տուժող վկա Հայրիկյանը ինչպե՞ս կարող էր վիրավորում ստանալ աջ 4 և 5 կողոսկրերի արանքում, եթե Հայրիկյանի հագուստի վրա չկար փամփուշտի գնդակից (пуля) առաջացած անցքեր:
Դատարանի դահլիճում մանրակրկիտ ուսումնասիրեցինք տուժող վկայի հագուստները, որոնք նա կրել էր կեղծ մահափորձի օրը, վերարկու, պիջակ, վերնաշապիկ և այլն.
Ոչ մտնող, և ոչ էլ դուրս եկող անցքեր չկային:
Գտնված գնդակի (пуля), գլխիկի վրա, փորձագիտական եզրակացությունը նույնպես նշում էր, որ չկան ո՛չ հագուստի նմուշների մանրաթելեր, և ո՛չ էլ արյան, մաշկի կամ էլ հյուսվածքների ու մսի նմուշներ.
Եվ ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում»:
Հիշեցնենք նաև, որ 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նաև նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը: