«Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
Այսօր, հունիսի 25-ին, Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ են հավաքվել մի քանի տասնյակ երևանցիներ, ովքեր պահանջում են Երևանի քաղաքապետի պաշտոնը ապօրինաբար զբաղեցրած Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք շրջափակել են Քաղաքապետարանի մուտքը, չեն թողնում որևէ մեկը մուտք գործի և սպասում են իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք Տարոն Մարգարյանին ձերբակալեն:
Հավաքի մասնակիցները Տարոն Մարգարյանին անվանում են հանցագործ, իսկ քաղաքապետարանը՝ հանցագործության վայր, որտեղ մուտքը և ելքը խստիվ արգելվում է:
«Երևանը շենացնելու, կանաչապատելու, թամանյանական դիմագիծը պահպանելուն զուգահեռ` ժամանակին համահունչ կառուցապատելու փոխարեն Տարոն Մարգարյանը իր պաշտոնավարման տարիներին թալանել, կեղեքել ու հարստահարել է Երևանը: Ուստի՝ նա այլևս չի կարող շարունակել իր ապօրինությունները, պետության ու քաղաքացիների հարստահարումը, չի կարող Երևան համայնքի բյուջեի հաշվին կուտակել ավար` անունը դնելով հարստություն: Եթե Հայաստատնի Հանրապետության ոստիկանությունը չարձագանքի, օրենքի տառին համապատասխան` մենք Տարոն Մարգարյանին ուղեկցելու ենք դեպի ոստիկանություն, այնուհետև՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Հանցագործի տեղը ուղղիչ աշխատանքային գաղութն է, նա իրավունք չունի այլևս մուտք գործելու երևանցիների հարկերով, արդար վաստակովկառուցված շինություն` շարունակելու թալանը» — պնդում են բողոքող երևանցիները:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զ. Փոստանջյանը նույնպես հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Վաղը, 2018 թվականի հունիսի 26-ին, տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը:
Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 8 հարց, որոնցից և ոչ մեկը, ըստ էության, քաղաքացիների խնդիրների հետ առնչություն չունեն:
Սույն ավագանու ձևավորման իսկ օրվանից Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը դատական կարգով վիճարկել և շարունակում է վիճարկել Տարոն Մարգարյանի կողմից կատարված ապօրինությունները:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը կոչ է անում քաղաքացիներին, որպեսզի գան և մասնակցեն նիստին՝ պահանջելով Տարոն Մարգարյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Երևան քաղաքի ավագանու լուծարում»: