FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հրապարակել է տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը: «Եկեք հասկանանք՝ որտեղից 575 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող քաղաքապետին նման ճոխություններ»,- ասում է տեսանյութի վարող Անի Խաչիկյանը:
Հետաքննությունը մեկնարկել է 2017թ․ նոյեմբերի 1-ին, ավարտվել 2018թ․ փետրվարի 21-ին:
Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանն անդրադարձել էր Տարոն Մարգարյանի շքեղ բնակարանին, մի քանի օր անց էլ հայտնել. «5-7 օր, և կլսեք առաջին լուրջ հակակոռուպցիոն պայթյունն իմ գործունեության արդյունքում։ Անունն ավելի քան հայտնի է բոլորիդ: 2017թ. նոյեմբերին հիմնեցի նախագիծ, որը կոչվում է Fact (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք)։ Նպատակն էր հետաքննել ու փաստարկված վիդեոբովանդակության տեսքով հանրությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության միջոցները գողացած տարբեր տրամաչափի օլիգարխի համբավ ձեռք բերած անհատների ապօրինի ունեցվածքը։
2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի մարտ ամիս կատարեցինք հետաքննություն։ Վիդեոնյութն ավելի քան հիմնավոր ու փաստարկված է։ Մարտից մեկնարկեց հեղափոխությունը, որն այժմ կայացած փաստ է, իսկ ներկայիս կարգավիճակում ես այլևս որևէ կապ չունեմ նախագծի հետ։
Նախագիծն այժմ գլխավորում է հետաքննող լրագրող Նաիրա Հարությունյանը, պրոֆեսիոնալ և վճռական մասնագետ։ Հպարտ եմ, որ կանգնած եմ եղել նախագծի ակունքում, որը փոխանցել եմ ապահով ձեռքերի։ Հաջողություն եմ մաղթում նոր թիմին։
Վստահաբար և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար կա բավարար գիտելիք, կամք և համարձակություն»։