SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իրավապահների ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են երեկ՝ հունիսի 23-ին, Բագրևանդի փողոցում՝ «Դիվա» գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և կատարողների ինքնությունը։ Հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հրայր Վարդանյանը և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Յուրի Փուրթոյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրանց հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Գագիկ Գալստյանը և 29-ամյա Մերուժան Դեմուրչյանը։
Կայքի տեղեկություններով՝ Գ. Գալստյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել, նրա մոտ եղել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, որով նա ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ է արձակել, իսկ Մ. Դեմուրչյանը ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է քննչական բաժին։
Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավված է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, իսկ վիրավորներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Կասկածյալ Գ. Գալստյանն ու Մ. Դեմուրչյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։