«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:
Խաչիկ Ասրյանի փոխանցմամբ՝ կուսակցությունը մասնակցելու է հայրենիքի պաշտպանության և երկրի ներքին կայունությանն ուղղված աշխատանքներին:
Խաչիկ Ասրյանի կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իր իսկ խոսքով՝ հաղթելու ու կոռուպցիան մոխիր դարձնելու նպատակով:
Կուսակցության համագումարից հետո պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրենք պատրաստ են համագործակցել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ, Խ. Ասրյանն նշեց, որ որևէ բան չի բացառվում, համագործակցությունն էլ պետք է գաղափարական լինի. «Այս պահին ոչինչ չենք կարող ասել ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ համագործակցության, այլև՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված։ Առաջիկայում կորոշենք՝ ում հետ ենք համագործակցելու»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ընտրություններից հետո ձեր ստացած ձայները փոխանցեք ՀՀԿ-ին, Խ. Ասրյանը վստահեցրեց, որ վստահված ձայների պատասխանատուն բացառապես իրենք են լինելու. «Բացառվում է՝ մեզ վստահված քվեները մենք հենց այնպես ինչ-որ մեկին շնորհենք, նվիրենք, և այլն։ Այդ ձայները որոշ տոկոս չեն լինելու, մենք մտնում ենք քաղաքականության մեջ բացառապես հաղթելու համար»։
Հիշեցնենք, որ Խաչիկ Ասրյանը երկար տարիներ եղել է Ստորտի երիտասարդության հարցերի փոխնախարարը, ՀՀԿ անդամ էր, սակայն իշխանափոխությունից հետո հրաժարական տվեց պաշտոնից և հեռացավ ՀՀԿ-ից: