Search
Close this search box.

Կախաղանի մասին սկանդալային տեսանյութը կցվել է Մանվել Գրիգորյանի քրեական գործին

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո համացանցում որոշ օգտատերերի կողմից տարածվեցին տեսանյութեր, որոնք դարձան քննադատությունների և քննարկումների առարկա։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Մարտակերտի շրջ. Մանվելի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկը» վերտառությամբ տեսանյութին, որից հետո տարածվեց ևս մեկը, ըստ որի,  գեներալի աշխատակիցները ծակում էին իրենց համար անցանկալի վայրում կայանած  մեքենայի  անիվները։ Արդյոք տարածված տեսանյութերը իրապես կապ ունե՞ն Մանվել Գրիգորյանի և նրա աշխատակիցների հետ, և արդյոք դրանք կարո՞ղ են դառնալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ուսումնասիրության առարկա՝   Factor.am-ը փորձեց պարզել  ՀՀ գլխավոր դատախազությունից։  Մեր հարցերին ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից  տեղեկացրին, որ իբրև Մանվել Գրիգորյանի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկի մասին տեսանյութը Դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: «Այդ տեսանյութը կցվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և դառնալու է ուսումնասիրության առարկա, իսկ ինչ վերաբերում է տարածված երկրորդ տեսանյութին, ըստ որի, քաղաքացին ծակում է գեներալին սպասարկող մեքենաների ճանապարհին կայանված ավտոմեքենայի անիվները, այդ տեսանյութը քրեական գործին չի կցվել և չի ուսումնասիրվի»,- ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Please enter a valid URL