Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Յանս»-ում խուզարկությամբ հայտնաբերված խոշոր գումարն ի պահ է հանձնվել ԿԲ-ին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների հետ համատեղ, օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, որի արդյունքում բացի հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներից և քննությանը հետաքրքրություն ներկայացնող այլ իրերից, հայտնաբերվել է նաև առանձնապես խոշոր չափերի գումար։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ խուզարկությամբ հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։

Քննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Please enter a valid URL