Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանում ատենակալների ժյուրին ռուսաստանցի օրենքով գող Ռաժդեն Շուլայային մեղադրական հինգ կետով մեղավոր է ճանաչել։ Նրան վերագրվել է Նյու Ջերսիում հանցախումբ ստեղծելը, ինչպես նաև ռեկետ, թմրավաճառություն, ապօրինի մոլախաղերի կազմակերպում և այլն։ Նրան ընդհանուր առմամբ մինչև 65 տարվա կալանք է սպառնում։
«Օրենքով գող» Ռաժդեն Շուլայան (Ռաժդեն Պիտերսկի, Բրատ, Ռոմա) ձերբակալվել է Նյու Յորքում՝ FBI-ի և դատախազության համատեղ գործողության արդյունքում։ Նրան բերման են ենթարկել Նյու Ջերսիում, սեփական տնից։ Ձերբակալվել են նաև հանցախմբի շուրջ 30 անդամներ, հիմնականում՝ Վրաստանից եկվորներ։ Այդ ժամանակ Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը ձերբակալվածներին մեղադրեց պատվիրված սպանությունների, դրամաշորթությունների, թմրավաճառության, ապօրինի մոլախաղերի, կեղծ անձնագրեր և փաստաթղթեր պատրաստելու, ինչպես նաև գողությունների մեջ։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը հանցախումբը լվացել է հատուկ դրա համար գրանցված օղի ներկրող և արտահանող ընկերության միջոցով, որն իրական կոմերցիոն գործունեությամբ երբևէ չի զբաղվել։
Հանցախմբի շատ շարքային անդամներ իրենց մեղքը խոստովանել են։ Ռաժեն Շուլայայի և Ավթանդիլ Խուրցիձեի գործը քննարկվել է ամերիկյան RICO օրենքի համաձայն՝ ուղղված ընդդեմ կազմակերպված հանցախմբերի։
Մեղադրող կողմը նշել է, որ հանցախմբի անդամներն օգտագործել են ինչպես դասական քրեական մեթոդներ (օրինակ՝ բարերում հաճախորդների մոտ քլոֆելինով կանանց են ուղարկել), այնպես էլ ժամանակակից՝ Լաս Վեգասի խաղատներից մեկում կոտրելով խաղային ավտոմատների ծածկագրերը։
Ամերիկացի իրավապահների տվյալներով՝ հանցախումբը կապեր ուներ նաև այլ քրեական խմբավորումների հետ, որոնք գործում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ռուսաստանում և Ուկրաինայում։ Գաղտնալսված հեռախոսազրույցները վկայում են, որ Շուլայան ինքը սիրում էր ընդգծել իր ազդեցությունը տարբեր երկրներում։
«Ցանկացած վրացու մոտ միայն անունս տուր և ասա, որ մտադիր եմ Վրաստան տեղափոխվել, և նրանք հանգիստ կնստեն»,-ասել է նա զրուցակիցներից մեկին։ «Ամերիկայում ես ամեն ինչ գողական գծերի վրա եմ դրել»,-ընդգծել է նա։
Պետք է ասել նաև, որ 41-ամյա Ռաժդեն Շուլայան ամենևին էլ «սովորական» «օրենքով գող» չէ։ Նա ոչ միայն գողական դաջվածքներ չունի, այլև, չնայած հարուստ քրեական անցյալին (ներառյալ՝ խարդախություն և մարդու առևանգում) նա բուհում է սովորել՝ «տնտեսություն և ֆինանսներ» բաժնում։