Search
Close this search box.

«Ժողովուրդ». ԵԿՄ-ականներն այսօր կհավաքվեն. արդեն գիտեն իրենց անելիքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար:

Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինքը» հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի արդյունքում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակն էլ ԵԿՄ-ն վերակազմավորելն ու արտահերթ ընտրություններն են: Հենց այդ քննարկման ժամանակ էլ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը ներխուժել է ԵԿՄ շենք, խուզարկություններ իրականացրել:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԵԿՄ վարչության անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ դատաքննության ավարտն ու ԵԿՄ արտահերթ համագումարը կասեցնել Մավել Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ նախագահի պաշտոնում:

Հենց այդ նպատակով էլ, մեր տեղեկություններով, այսօր նույն այդ շենքում կհավաքվեն արդեն ԵԿՄ վարչության անդամները եւ քննարկումից հետո կհայտարարեն նրա լիազորությունների կասեցման մասին:

Միաժամանակ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես են ԵԿՄ պատից հեռացնում Մանվել Գրիգորյանի լուսանկարը: Պատկերը, խոստովանենք, բավական տհաճ է: Որքան էլ Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը քստմնելի ու աններելի է, որքան էլ այդ ամենի հետեւանքով կրքերը գերլարված են, սա դեռ նման կերպ վարվելու հիմք չէ:

Մանավանդ, որ դեռ ընդամենը մի քանի օր առաջ ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի հասցեին ձոներ էին հնչեցնում ու մեծարում: Բայց ինչպես ասում են, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL