Էմիլ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօրվա նորածինը, դպրոցականը, ուսանողը և թոշակառուն` նույնպես վաղվա զինվորներ են և չի կարելի տարանջատել ներկան ու ապագան, չի կարելի թալանել ու գողանալ ոչ մեկից, ոչ մի ժամանակաշրջանում։
Երկու օր է, ինչ ամբողջ համացանցում բուռն կերպով քննադատվում և դատապարտվում են Էջմիածնում տեղի ունեցած նողկալի և անմարդկային իրադարձությունները, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Գրիգորյանների ընտանիքին պատկանող առանձնատներից մեկում հայտնաբերված զենք զինամթերքի և ժողովրդի կողմից ապրիլյան քառօրյայի ընթացքում մեր զինվորների համար նախատեսված օգնության յուրացման բացահայտման փաստին։ Քննադատություններ և մեղադրանքներ հնչեցին տարբեր ամբիոններից, շարքային քաղաքացիներից սկսած մինչև ԱԺ խմբակցություններ, կառավարություն և իրավապահ մարմիններ, իսկ ամենից շատ բոլորին զայրացրել է այն հանգամանքը, որ գողացվել և յուրացրել են հայ զինվորի հասանելիք բաժինը, զինվորի պատկանելիքը, որը հավաքվել էր ամբողջ ազգի միասնական ջանքերով՝ մանկապարտեզից մինչև դպրոցական, դպրոցականից մինչև ուսանող, ուսանողից մինչև թոշակառու, սակայն չեմ կարող ասել, որ կատարվածը ինձ համար զարմանալի էր կամ էլ նորություն, որովհետև այդ մասին գրեթե բոլորս գիտենք վաղուց, եղել են բազմաթիվ քաղաքացիների կողմից ահազանգեր, հայտարարություններ և ազդանշաններ, սակայն այն ժամանակվա արդարության մթնոլորտը բավականին տկար էր և պատված չարորակ ուռուցքով, որը ներկայումս աստիճանաբար արմատախիլ է արվում «ամպուտացիոն» եղանակով։
Ամեն ինչ շատ լավ եղավ և ճիշտ, արդարությունը վերականգնվեց, ուղղակի ավելի արդարացի կլիներ, եթե բոլոր պատկան մարմիններն ի վերջո գիտակցեն, որ Հայաստանի Հանրապետության ներսում՝ յուրաքանչյուր յուրացում, գողություն, թալան և կոռուպցիոն սխեմաները ուղղված են հայ զինվորի և հայոց պետականության կայացման դեմ, երբ պետությունը կամ որևէ պետական չինովնիկ ապօրինի և անհիմն կերպով զրկում է բազմազավակ ընտանիքներին սոցիալապես անապահովության նպաստից, ապա նա զրկում է ապագա զինվորներին սնվելու և գոյատևելու հնարավորությունից, երբ պետությունը չի հոգում վատառողջ և անվճարունակ երիտասարդներին վիրահատական ծախսերը, ապա պետությունը ապագա զինվորին զրկում է ապրելու, առողջանալու և հայ զինվոր դառնալու բերկրանքից, երբ երբ պետությունը չի հոգում երիտասարդ ու խելացի ուսանողների ուսման վարկերի հարցում, ապա պետությունը կրկին կորցնում է մոտ ապագայում հմուտ և բանիմաց պրոֆեսիոնալ զինվորական կադրեր ունենալուց, երբ պետությունը կամ բարձրաստիճան պաշտոնյաները անտարբեր են առավոտից երեկո սոված ծարավ մնացած երեխաների ճակատագրով, ապա պետք չէ մոռանալ և անտեսել, որ այդ երեխաները նույնպես մեր ապագա զինվորներ են, մեր սահմանների ապագա պահապանները և ազգի ամրությունը։
Նորածին բալիկից մինչև տարեց թոշակառու, անկախ տարիքից և սեռից` բոլորը մեր զինվորներն են և իրենցից յուրաքանչյուր գողացված ու թալանվածը հավասարազոր է զինվորին թալանելուն, իրենց նկատմամբ յուրաքանչյուր անարդարության դրսևորում` անարդարացի վերաբերմունք է զինվորի նկատմամբ, նորածին երեխաներից մինչև թոշակառու անտեսելը` անտեսություն ու անտարբերություն է զինվորի նկատմամբ, նրանք բոլորը ներկա ու ապագա զինվորներ են և պետք չէ անտեսել ու արհամարհել ներկան շատ մոտ ապագայից, ներկայիս նորածինը, դպրոցականը, ուսանողը, թոշակառուն ընդամենը վաղը սահմանին կանգնած զինվորական է և հայրենիքի պաշտպան։ Այնպես որ, պետք չէ թալանել ոչ մեկին, պետք չէ գողանալ ոչ մեկից և հետո անցկացնել համեմատականներ, ո՞րն է ավելի վատ կամ անընդունելի, բոլոր նմանատիպ արարքներ` ուղված են ի վնաս Հայաստանի Հանրապետությանը և մեր պետականության կայացմանը, մեր անցյալ ներկա և ապագա զինվորների դեմ։