ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում կան կասկածյալներ, որոնք կկանչվեն հարցաքննության: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելոլով, որ առաջիկայում ձեռք բերված տեղեկություններով կգնահատեն հիմքերը, թե գործով անցնող անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարկադրանքի ինչ միջոցներ կկիրառվեն:
Նրա խոսքով, որոշակի անձանց նկատմամբ արդեն հիմա իրականացվում է հետապնդում, որոնք Մանվել Գրիգորյանի մերձավորներից են:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ձերբակալվի նաեւ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, դատախազն ասաց. «Մանվել Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների, այդ թվում նրա կինը: Մեր հետագա գործողությունները դրան համարժեք կլինի»:
Դիտարկմանը, թե այս գործով պաշտոնյաներ կներգրավվե՞ն որպես մեղադրյալներ, գլխավոր դատախազն արձագանքեց. «Այս պահին եղած տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավված լինելու մասին: Ցանկացած բացահայտված մասնակցի նկատմամբ կկիրառվեն միջոցներ: Գործը քննվելու է ամբողջ ծավալով, ցանկացած անձի նկատմամբ, եթե կլինեն հանցակազմի հատկանիշներ, ուրեմն կտրվեն համարժեք գնահատականներ:
Եթե լինեն հիմքեր, որ այս կամ այն պաշտոնատար անձը իր լիազորությունների շրջանակում տեղյակ է եղել այս-այս տեղեկություններին, որոնք ենթադրում էին գործողություններ եւ պաշտոնյան այդ գործողությունները չի իրականացրել, այդ դեպքում միանշանակ հետապնդում կիրականացվի»: