Search
Close this search box.

Եվրախորհրդարանի պատվիրակությունն աջակցում է Հայաստանում հավակնոտ բարեփոխումների իրականացմանը

Եվրախորհրդարանի (ԵԽ) ինը պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը՝ ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորությամբ հունիսի 18-ին գտնվում էր Հայաստանում: Այցի նպատակն էր գնահատել Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը:

Ինչպես տեղեկացրին ԵԽ գրասենյակից, ԵԽ ինը պատգամավորների պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ նախարարների, ՀՀ ԱԺ պատգամավորների և քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների հետ  և գնահատական տվեց Հայաստանում առկա քաղաքական իրավիճակի, ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակի, ինչպես նաև  բարեփոխումներին ուղղված նոր ջանքերի վերաբերյալ՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցնցումներից հետո, որի արդյունքում երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն:

«Եվրախորհրդարանը ուշի ուշով հետևում էր Հայաստանում 2018 թվականի ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցող իրադարձություններին. Քաղաքացիների հասարակական ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև նրանց խաղաղ աջակցությունը փոփոխություններին և կոռուպցիայի դեմ պայքարին խիստ տպավորիչ էր: Հայաստանի համար` պահը բեկումնային էր:

Ամրապնդել ժողովրդավարությունը,  խորացնել  հարաբերությունները ԵՄ-ի հետ և հաստատել տևական խաղաղություն. սրանք են ՀՀ քաղաքացիների ձգտումը, որին հանձնառու են ՀՀ իշխանությունները, Եվրամիությունն էլ պատրաստակամ է աջակից լինել բոլոր՝ այդ ուղությամբ իրականացվող քայլերին», – այցից հետո նշեց  ԵԽ պատվիրակության  ղեկավար Դեյվիդ Մքալիսթերը (ԵԺԿ, Գերմանիա):

«Հուլիսի 4-ին Եվրախորհրդարանը կքվեարկի ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ: Այս նոր համաձայնագրի վավերացումը միայն սկիզբն է. Համաձայնագրի հաջող իրականացումն առանցքային կարևորություն կունենա  Հայաստանի արդիականացման տեսանկյունից:  Հաջողությամբ կյանքի կոչման պարագայում՝ այն կօգնի խթանել ԵՄ-ի հետ  առևտուրը և ներգրավել ԵՄ ներդրումներ ՝ շոշափելի օգուտներ բերելով հայ ժողովրդին:

Տեղյակ եմ, որ մեզ հորդորում են սկսել բանակցություններ նոր համաձայնագրի ուղղությամբ, որը ՀՀ քաղաքացիներին կտա առանց վիզաների այցելությունների հնարավորություն: Կցանկանայի պարզաբանել՝ Մենք պատրաստ ենք աջակցել նման երկխոսության մեկնարկին: Իմ ընկալմամբ՝ գոյություն ունեցող պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:  Այդուհանդերձ՝ անհրաժեշտ է, որպեսզի նկատվի մի շարք ԵՄ անդամ պետություններում անօրինական բնակվող Հայաստանցի միգրանտների թիվը կրճատում:  Եվ կրկին՝ անհրաժեշտ է, որպեսզի  առանցքային բարեփոխումներն, ինչպիսին է կոռուպցիայի դեմ պայքարը, իրենց  պտուղները տան», – ասաց Դեյվիդ Մքալիսթերը:

Այցի արդյունքները կհամալրեն Եվրախորհրդարանի քվեարկությանը`ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ, որը կկայանա Ստրասբուրգում 2018 թվականի հուլիսին:

Պարոն Մքալլիսթերի հետ միասին՝ ԵԽ պատվիրակության կազմում էին ևս ութ պատգամավոր. «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը (Կանաչներ, Գերմանիա), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը(Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ, Միացյալ Թագավորություն), ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի գծով զեկուցող Լազլո Թոքեշը (ԵԺԿ, Հունգարիա), Ժելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Նինա Գիլը(Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս, Միացյալ թագավորություն), Բորիս Զալան  (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Սլովակիա), Տիկին Էլենի Թեոխարուսը  (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Կիպրոս), Պրն Պետրաս Աուշտրեվիչուսը(Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Դաշինք, Լիտվա):

Please enter a valid URL