Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձել է կոռուպցիայի և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության հարցին: Նա նշել է, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Իսկ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորի բաժինը գողանալու կասկածանքով։ Այդ թվում 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում դպրոցականների օգնությունը գողանալու։
«Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ:
Մանվել Գրիգորյանը դպրոցականների կողմից ուղարկված սնունդը յուրացրել է եւ դրանով կերարել է իր կենդանիներին` արջերին եւ վագրերին: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները եւ այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներում»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ ոչ ոք չի ժխտում, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է. «Բայց նույնիսկ հերոսներին ոչ ոք իրավունք չի տալիս գողանալ դպրոցականների օգնությունը եւ դրանով կերակրել սեփական կենդանիներին, որոնք նախատեսված են զինվորների համար»,- ասաց փաշինյանը` նշելով, որ չի ցանկանում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն ուզում է հստակեցնել, որ գեներալի ձերբակալությունը կապված չէ միայն զենք-զինամթերք պահելու կասկածների հետ:
Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ` կան կասկածներ, որ յուրացվել են նաև բանակին հատկացված տեխնիկական միջոցները, մասնավորապես ավտոմեքենաներ: