Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այգում կենդանիների զանգվածային անկման պատճառը տուբերկուլյոզն է: Նա կոչ է արել ծնողներին՝ կենդանաբանական այգի չտանել երեխաներին.
«Սիրելի ծնողներ, մի՛ տարեք ձեր բալիկներին Երևանի կենդանաբանական այգի։ Այգում կենդանիների զանգվածային անկում է տեղի ունեցել․ տուբերկուլյոզից։ Այս հանգամանքը շուրջ 5 ամիս այգու տնօրենը թաքցրել է։ Հիմա էլ, երբ լրագրողները բարձրաձայնել են այս դեպքի մասին, նույն տնօրինությունը ճիգեր է գործադրում, որ հերքի, թե թաքցրել է այդ տեղեկությունը։ Թեպետ, հերքելով, ըստ էության հաստատել են, որ իրականում կա տուբերկուլյոզի խնդիրը․ հաստատել են, որ եղել է անկում։ Ի լրումն, ինչ-որ դժվար է մտաբերել, թե այդ ե՞րբ է Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հրապարակավ հայտարարել կամ նախազգուշացրել հանրությանը, որ այգում նման խնդիր կա՝ հորդորելով ձեռնպահ մնալ այգի այցելելուց։ Այսինքն, որ ասում են՝ չեն թաքցրել, այդ չթաքցնելը ինչո՞վ է դրսևորվել։ Իսկ հիմա էլ անում են հայտարարություններ, որ էլի հարցեր են հարուցում։ Օրինակ, մի տեղ ասում են, թե՝ մոտ մեկ շաբաթ են տևել հակահամաճարակային միջոցառումները, մյուս դեպքում՝ եզակի կենդանատեսակի անկումը (օրինակ՝ Դավթի եղջերուն, որից միայն մեկն ուներ այգին և որը հազվադեպ հանդիպող կենդանատեսակ է համարվում) այգու ներկայացուցիչը համարում է դյուրությամբ վերականգնելի կորուստ։
Ցանկացած համաճարակաբանի հարցրեք և նա կասի, որ տուբերկուլյոզի դեպքում շատ ավելի ժամանակ է պահանջվում, ընդհուպ մինչև մեկ կարանտինային տարի։ Ես հարցում եմ արել սննդի անվտանգության պետական ծառայությանը, որպեսզի լրագրողներիս տրվի անասնաբուժական կարանտինային ծառայության համափարփակ ինֆորմացիա, որից էլ կերևար, թե կենդանաբանական այգում, որ կենդանին ի՞նչ ժամանակահատվածում է անցել կարանտինային շրջանը։ Ժամկետը երեկ լրացավ, ասացին այսօր կլինի, բայց նույն այդ ծառայության ներսից լուր է հասնում, որ խուճապի են մատնվել այգում և արհեստականորեն ձգձգում են իմ հարցերի պատասխանները։ Ավելին ասեմ, նույն կառույցից մեր աղբյուրները պնդում են, ոչ թե մոտ երեք տասնյակի այլ հարյուր, երկու հարյուր կենդանու անկման դեպքերի մասին։
Մի՞թե այցելուների առողջությունը, մեր երեխաների առողջությունը քիչ կարևոր են, որ կարևոր տեղեկության հետ կապված նման խորամանկությունների գնա այգու ղեկավարությունը։ Էլ չենք ասում այն մասին, որ անկյալ կենդանիներից, օրինակ, լամաների դեպքում, հապշտապ լամա են բերել այլ երկրից, որ կորուստը շատ աչք չծակի․․․
Եթե մենք Նոր Հայսատան ենք կառուցում, ապա անցած-գնացած իշխանությունների սանիկ-քավորական մեթոդներին դեմն էլ պիտի առնենք։ Այս անկման դեպքերը արդեն իսկ համապատասխան մարմինները պետք է քննեն, ոչ թե պետք է խորամանկեն, կամ լրագրողներին պիտակավորեն, թե պատվերով նյութեր են գրում։ Այդ մեղադրանքները հնչեցնողների աշխատանքային թերացումները մանրամասն հետաքննելը ցույց կտա, թե ո՞վ և ո՞ւմ է վճարում:
Ում անհանգստացնում է այս խնդիրը, թող տարածի»,- նշված է Նարինե Կիրակոսյանի գրառման մեջ։