«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի գործադիր իշխանության շուրջ առաջին հայացքից զվարճալի, բայց իրականում բավական վտանգավոր իրադարձություններ են զարգանում: Ինչպես հայտնի է, ռուս պրանկերներն արդեն երկու անգամ զանգահարել են արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից և հեռախոսազրույց ունեցել: Մայիսի 24-ին պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին: Բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ: Հաջորդ զանգը եղել է հունիսի 13-ին: Պրանկերներն այս անգամ խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
ՀՀ իշխանությունն առայժմ հրապարակայնորեն չի արձագանքել կատարվածին: Սակայն նկատենք, որ նման միջադեպերի հետևանքը կարող են լինել տարատեսակ սադրանքները, առավել ևս, երբ նման միջոցառումներն իրենց մեջ լրտեսության որոշակի տարրեր են պարունակում:
Ոլորտի մասնագետները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ են հայտնել, որ Փաշինյանի անունից զանգերի խնդիրն ավելի շատ հեռախոսազրույցի առաջարկն ընդունող կողմինն է, քանի որ նրանք պետք է ճշտեն՝ իրո՞ք ՀՀ վարչապետի հետ են խոսում, թե՞ ոչ, արժե՞ խոսել, թե՞ ոչ: Սովորաբար, նաև դիվանագիտական խողովակներով նախապես ճշտում են հեռախոսազրույցի նպատակահարմարությունն ու ժամը: Բայց մյուս կողմից միջազգային ասպարեզում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իրոք բարձր է, և նրա անունը լսելիս նաև արևմտյան պաշտոնյաներն են միանգամից ցանկանում հաղորդակցվել»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: