Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայում բացվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայի Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է  Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Վարչապետը նշել է, որ յուրահատուկ հպարտությամբ է գտնվում համատեղ պատմության՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված թանգարանում՝ Հայաստանի Հանրապետության անունից հարգանքի տուրք մատուցելու Համազասպ Բաբաջանյանի հիշատակին: «Համազասպ Բաբաջանյանի անունը պատվավոր տեղ է զբաղեցնում խորհրդային խիզախ հրամանատարների շարքում: Ողջ պատերազմի ընթացքում Բաբաջանյանը գլխավորելով զրահատանկային զորքերը՝  եղել է առաջնագծում, ազատագրել հակառակորդի վերահսկողության ներքո գտնված քաղաքներ: Կուրսկի ճակատամարտից մինչև Բեռլինի ճակատամարտ հայ ժողովրդի մեծ զավակը դրսևորել է նվիրվածություն և հերոսություն, դարձել Մեծ Հայրենականի զրահատանկային լավագույն հրամանատարներից մեկը: Բաբաջանյանը կռվել է սուվորովյան ոճով, ոչ թե թվաքանակով՝ այլ խելքով: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը գրվել է հայ ժողովրդի պատմության մեջ՝ հայրենիքի համար պայքար մղած քաջ մարտիկների անունների կողքին, ովքեր եղել են Բաշ Ապարանի, Սարդարապատի ճակատամարտերի մասնակիցները, որոնց 100-ամյակը Հայաստանը նշել է նախորդ ամիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այն, որ այս թանգարանում բացվում է մարշալ Բաբաջանյանի հուշարձանը և նախորդ տարվա ընթացքում այստեղ տեղադրվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին՝ վկայում է, որ Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմի մեծանուն հրամանատարներին, այլ նաև նրանց մասին հիշողությունը փոխանցում սերնդեսերունդ: «Մեծ Հայրենականը եղել է ծանր փորձություն Խորհրդային միության ազգերի համար, այդ թվում՝ հայ ժողրվրդի: Ճակատից չի վերադարձել բանակ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայ, այդ թվում՝ իմ պապը, ում անունն ու ազգանունը կրում եմ: Մեր պարտքն է՝ պահպանել և երիտասարդ սերունդներին փոխանցել այդ աննկարագրելի հերոսության մասին պատմությունը, ինչպես նաև անել ամեն հնարավորը՝ մեր երկրների բարգավաճումն ապահովելու համար: Այսօրվա միջոցառումը նաև մեր հարգանքի տուրքն է Հայրենական Մեծ պատերազմի թանկագին վետերաններին, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամության, փոխօգնության և համերաշխության խորհրդանիշը»,- ասել է վարչապետը:

Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու հեղինակն է Աշոտ Թադևոսյանը:

Please enter a valid URL