Search
Close this search box.

Արդարադատության նախարարի պահանջն ու հորդորը Հարկադիր կատարման ծառայությունից առաջադրանքի գերազանց կատարումն է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը:

Նախարարը, շնորհավորել է Հակոբ Հակոբյանին  նշանակման առիթով և նշել, որ Կառավարությունը, որը ձևավորվել է ժողովրդի կամքի ուժով, իր առջև դրել է երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր, ուստի պետք է աշխատել այնպես, որ արդյունքը լինի տեսանելի: Նախարարի խոսքով՝ իր պահանջն ու հորդորը  Ծառայության առջև դրված առաջադրանքի գերազանց կատարումն է:

Նախարար Զեյնալյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակ անց էական փոփոխություն է արձանագրվելու Ծառայությունում՝ այդ համատեքսում ի թիվս այլոց կարևորելով ոլորտին ուղղված օրենսդրական բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ ժողովրդն ունի  սպասելիքներ և այդ սպասելիքները, կարճ ժամանակում դրական արդյունքներ արձանագրելով, պետք է արդարացվեն:

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալություն է հայտնել նախարարին և վարչապետին պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար և վստահեցրել, որ, ծանոթ լինելով Ծառայության բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներին, շատ արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տալու է դրանց լուծումները:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ու ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը ևս շնորավորել են Հակոբ Հակոբյանին նշանակման առիթով և ընդգծել, որ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող այս Ծառայությունը պետք է անի հնարավորինս ամեն ինչ վարույթների թիվը էականորեն կրճատելու և կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ:

Please enter a valid URL