«Փաստ» օրաթերթը գրում է. « Այս օրերին, երբ մամուլը ողողված է ԱԺ «Ելք» խմբակցության շուրջ ծավալվող իրադարձությունները մեկնաբանելով, տարաբնույթ լուրեր են շրջանառվում: Ի մասնավորի, տեսակետ կա, թե «Ելք»–ում շարունակվում են ջրերը տարբեր առուներով հոսել, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ լեզվակռիվ է եղել եւ այլն:
ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով վերջին շրջանում իրեն տեսնում էր խմբակցության ղեկավարի դերում, իսկ օրերս էլ նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նշանակվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում, «Փաստի» հետ զրույցում հավաստիացրեց, որ Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ վիճաբանություն չի եղել: Նա հիշեցրեց, որ արդեն 1,5 տարի է՝ մամուլը գրում է դաշինքի փլուզվելու մասին, սակայն մինչ օրս նման բան չի եղել: «Ես գիտեմ, որ երեկ պարոն Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդիպել են, տարբեր հարցեր են քննարկել, բայց նրանց միջեւ որեւէ վիճաբանություն չի եղել: Ոչ մի բախում էլ չկա: Անգամ տարաձայնություն չկա: Վերջին շրջանում միայն ԱԺ–ին վերաբերող հարցերն ենք քննարկում»,– ասաց Լ. Նազարյանը:
Խոսելով «Ելք» դաշինքի ղեկավարի թեկնածուի ընտրության մասին՝ նա նշեց, որ այդ հարցն այլեւս առաջնային չէ, քանի որ այն ավելի լայն կոնտեքստի շրջանակներում է քննարկվում: Եվ կախված նրանից, թե ինչպես կավարտվեն այդ քննարկումները, այդ ժամանակ ավելի հստակ կերեւա, թե խմբակցության ղեկավարի հարցը որքանով է ակտուալ:
«Դաշինքը հուշագիր է կնքել, որի 4–րդ կետի համաձայն՝ կուսակցությունները պարտավորվել են մեկ կուսակցություն դառնալու շուրջ քննարկումներ սկսել: Նախկինում նման փորձ արվել է, սակայն այն հաջող չի ընթացել: Բայց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավիճակ է փոխվել, պայմաններ են փոխվել, եւ հիմա քաղաքական ուժերը փորձում են հասկանալ՝ միասի՞ն են գնալու ընտրությունների, թե՞ առանձին–առանձին: Այս քննարկումներն են ընթանում, բայց դրանք տեղի են ունենում շատ հանգիստ ու հանդարտ մթնոլորտում: Մենք գործընկերներ ենք, մեկ տարի աշխատել ենք միմյանց հետ եւ շատ հարգալից ենք միմյանց վերաբերվում»,– ասաց Լ. Նազարյանը:
Որպես միասնականության հավաստիացում, նա շեշտեց, որ ԱԺ–ում «Ելք» դաշինքի պատգամավորները նիստերի ժամանակ միասնական են քվեարկում:
Իր ամուսնու՝ պետական գյուքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվելու առիթով մամուլի հրապարակումների մասին Լ. Նազարյանն ասաց, որ այնպես է ստացվել, որ իր ամուսինը ՊԵԿ–ում հրապարակային կերպար չի եղել, բայց նրա ֆեյսբուքյան գրառումներն ու հրապարակված գրառումները դիտելուց անգամ պարզ կդառնա, որ Ն. Բաբայանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է եւ մշտապես ներգրավված է եղել ՔՊ–ի բոլոր գործընթացներում:
«Նարեկը բոլոր ընտրությունների, քարոզարշավների, ինչպես նաեւ համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից է եղել: Եվ ՔՊ–ում չկա գեթ մեկ հոգի, ով ինձ եւ Նարեկին չընկալի որպես առանձին եւ ինքնուրույն անձերի: Այսինքն, մենք այնտեղ վաղուց չենք ընկալվում որպես ամուսիններ: Իսկ Նարեկը նշանակվել է այդ պաշտոնում, որովհետեւ մեր թիմի լիարժեք անդամ է, ոչ թե որովհետեւ իմ ամուսինն է»,– ասաց Լ. Նազարյանը:
Նա, բացելով փակագծերը, նշեց, որ ոչ թե ինքն է իր ամուսնու համար միջնորդել, այլ իր ամուսինն է տիկին Նազարյանին ծանոթացրել ՔՊ–ի անդամների հետ: Այսինքն, ինքը չէր կարող միջնորդել, որպեսզի ամուսնուն պաշտոն տան»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: