Search
Close this search box.

Շարմազանովը՝ ոստիկանապետ եղբոր պաշտոնանկության մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբոր՝ Էրիկ Շարմազանովի պաշտոնանկությունը քաղաքական ենթատեքստ չունի:

Էրիկ Շարմազանովը Գուգարքի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է երեկ՝ հունիսի 10-ին, իսկ մինչ այդ ՀՀԿ-ականները հայտարարում էին իշխանության կողմից քաղաքական ճնշումների եւ հնարավոր ռեպրեսիաների մասին: Մեր հարցին՝ արդյոք ոստիկանապետի պաշտոնից ազատվելը քաղաքական ճնշումների շրջանակում է, Շարմազանովը պատասխանեց, որ բացարձակ կապ չունի քաղաքական գործընթացների հետ:

«Իմ եղբայրն ազատվել է իր դիմումի համաձայն անձնական պատճառներով: Նա խնդրել է, որ տեղափոխվի կադրային ռեզերվ եւ իր դիմումը ոստիկանապետը բավարարել է: Նա էլ նշել է, որ քաղաքական դրդապատճառ չունի, զինվորական է եւ չի զբաղվում քաղաքականությամբ»,-ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը պնդեց, թե  նման հարցերով որեւէ խորհուրդ չի տվել եղբորը: «Իմ եղբայրը կայացած ոստիկան է, ՀՀ երիտասարդ գնդապետներից մեկը, ինքն է այդպես նպատակահարմար համարել: Ես իր առաջխաղացման ու նշանակման մեջ լումա չեմ ունեցել եւ հիմա էլ առնչություն չունեմ իր որոշման հետ»:

Please enter a valid URL