Երևանից Կապան ժամանած Մերուժան Սիմոնյանին իր իսկ թաղամասում կապանցիները մեծ ոգևորությամբ են դիմավորել և ողջունել:
Նա հայտարարություն է տարածել.
Հարգելի քաղաքացիներ, սյունեցիներ
Պարտքս եմ համարում հաշվետվություններ կայացնել ձեզ իմ կատարած քայլի մասին: Իմ դժգոհության և հրաժարականի պատճառը հետևյալն էր.
Ինչպես գիտեք ժամանակավոր կառավարության կազմում իր մասնակցությունը ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և քաղաքական բանակցությունների ժամանակ ԲՀԿ-ն ստացել էր Սյունիքի մարզպետի թեկնածու առաջարկելու հնարավորություն: Ես բազմիցս ասել եմ, որ ինձ համար ինքնանպատակ չի եղել իմ կամ իմ որդու մարզպետ դառնալը: Ասել եմ, որ Սյունիքի մարզում կան արժանի մարդիկ, որոնց թեկնածությանը ես կողջունեմ, նույնիսկ առաջարկել եմ կոնկրետ անուններ:
Որպես իմ ընտրողների պատվիրակ, իմ կարծիքը հաշվի չի առնվել նշանակված մարզպետի թեկնածության շուրջ քննարկումներում, ես դեմ եմ եղել տվյալ թեկնածուին մարզպետի պաշտոնում առաջարկելու հարցում: Համոզված եմ եղել, որ նշանակումը չէր արտացոլի սյունեցիների մեծամասնության կամ գոնե նրանց զգալի մասի ցանկությունը:
Իմ ընտրողների հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում հրաժարվել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցությունից և որպեսզի կասկածի տակ չդրվի, թե ես պաշտոնակռիվ եմ անում, հրաժարվել եմ նաև մարզպետի պաշտոնից առավել բարձր՝ պատգամավորի պաշտոնից:
Շնորհակալ եմ իմ թիմակիցներին ջերմ ընդունելության համար: Մեկ անգամ ևս համոզվեցի, որ իմ ընտրողների կարծիքը ինձ համար ավելի բարձր արժեք ունի, քան պատգամավորական մանդատը: Իմ հրաժարականի դիմումը հետ վերցման ենթակա չէ: