«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ ՀՀԿ նախագահ և վերահսկել ու ուղղորդել իր կուսակիցների մեծ մասի վարքը: Չնայած հեղափոխությունից 2-3 օր անց՝ ապրիլի 25-ին, խոսվում էր նրան ՀՀԿ նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը ՀՀԿ ղեկավար մարմիններում քննարկելու մասին, սակայն այդ պրոցեսը կարծես կասեցվել է: Հենց Սարգսյանը ոտքը քաշեց կուսակցությունից, այդ կառույցում կսկսվեն «սողանքային» ակտիվ գործընթացներ, և բացի մի քանի հավատավոր ՀՀԿ-ականից, այդ կառույցում, ինչպես կանխատեսում են ոմանք, «կմնան գրասենյակի քարտուղարուհին, պահակն ու հավաքարարը»:
Երեկ, սակայն, երբ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի մշտապես բազմազբաղ նախագահ Ռուբեն Թադևոսյանին հարցրինք, թե երբ են պատրաստվում փոխել ՀՀԿ նախագահին, նա կտրուկ արձագանքեց. «Այս պահին նման հարց մեր օրակարգում դրված չէ: Զբաղված եմ, այսքանը»: Իսկ եթե այդ հարցն օրակարգում դրված լիներ, ո՞վ էր լինելու Սարգսյանից հետո երկրորդ «հարգապատիվը», որին կվստահվեր օրըստօրե թեթևացող շարքերով, իսկ նախկինում 156 հազարանոց ՀՀԿ-ի նախագահությունը: Նկատենք նաև, որ մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական՝ Էդուարդ Շարմազանովը, խոսելով արտահերթ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ-ի ռեսուրսների մասին, ասել էր, թե ՀՀԿ-ի ռեսուրսն «իր անցած փառահեղ ուղին է, իր լիդերը, իր պրոֆեսիոնալ թիմը, որը ոչ մեկը չունի»։ Այսինքն՝ մինչև գալիք ընտրություններ պետք չէ ակնկալել, որ Ս. Սարգսյանն իր նախկին պաշտոնների ցանկը կհամալրի «ՀՀԿ նախկին նախագահ»-ով»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: