Մայիսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկություններով նախապատրաստված նյութերով իրականացված նախնական քննությամբ պարզվել է, որ անցած տարվա փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊ ընկերության միջև կնքված 61,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրերի կատարման արդյունքում յուրացվել է շուրջ 10,000,000 դրամ։
Պարզվել է, որ «ԱՆՆԱ-80» ընկերությունը կնքված պայմանագրերով հանձն է առել վերանորոգել մայրաքաղաքի մի քանի վարչական տարածքների 123 բազմաբնակարան շենքերի հարթատանիքները։
Ըստ պայմանագրերի՝ աշխատանքների ընթացքը և որակը, տեխնիկական բնութագրերին և նախահաշվարկային փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու պարտականությունը հանձնվել է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմին։ Միաժամանակ, անցած տարվա փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետարանը կնքել է ծառայությունների մատուցման գնման պայմանագրեր մի շարք ընկերությունների հետ՝ աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու վերաբերյալ։
Նախնական քննությամբ պարզվել է, որ վարչական շրջանների կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի բաժինների աշխատակիցները պատշաճ չեն կատարել պայմանագրով նախատեսված իրենց, իսկ ծառայությունների մատուցման գնման պայմանագրերով սահմանված տեխնիկական հսկողությունը իրականացնող ընկերություններն էլ՝ իրենց պարտականությունները։
Ստեղծված հնարավորությունից օգտվելով՝ «ԱՆՆԱ-80» ընկերության տնօրինությունը, պայմանագրով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, կազմել է աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողականներ, որոնք հաստատվել են պարտականություններն անբարեխիղճ կատարած վարչական շրջանների աշխատակիցների և հսկիչների կողմից։ Արդյունքում յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ 9,200,000 դրամ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով, որն ուղարկվել է նախաքննություն իրականացնող մարմնին։
Քննությունը շարունակվում է։