Search
Close this search box.

Էներգիան աստիճանաբար դուրս է գալիս եւ երկրակեղեւը հանգստանում է. ԱԻ նախարարը՝ երկրաշարժերի մասին

Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում` կապված վերջին մեկ օրում գրանցված երկրաշարժերի հետ, ասվում է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի ուղերձում։

«Թեեւ այս պահին աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ 24 ժամյա չընդհատվող ռեժիմով հետեւում եմ Հայաստանում արձանագրված երկրաշարժին եւ հետցնցումներին։ Իմ հանձնարարությամբ՝ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով սեյսմիկ ռեժիմի վերլուծություն։ ՀՀ ԱԻՆ սեյսմաբաններն արձանագրել են, որ Սպիտակ քաղաքի մերձակայքում տեղակայված գլխավոր օջախի ցնցումից հետո արձանագրված հետցնցումներն իրենց բալային ուժգնությամբ ավելի թույլ են, ինչը նշանակում է, որ երկրակեղեւի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար դուրս է գալիս եւ երկրակեղեւը հանգստանում է։

Թեեւ հասկանալի պատճառներով ցնցումներն անհանգստացրել են մեր հայրենակիցներին, ուզում եմ նշել, որ 4,3 մագնիտուդով երկրաշարժն ուժեղ եւ ավերիչ չի համարվում։ ՀՀ ԱԻ նախարարությունը հանձինս նախարարի եւ սեյսմիկ ոլորտի մասնագետների շարունակելու է իրավիճակի շուրջօրյա վերահսկողությունը։ Սիրելի համաքաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր շուրջօրյա աշխատանքի նպատակն է։ Վաղն առավոտյան ես վերադառնում եմ Հայաստան եւ ժամը 14։30-ին Լոռու մարզպետարանում մասնակցելու եմ խորհրդակցության վերոնշյալ խնդրի վերաբերյալ»,- ասել է Ռոստոմյանը։

Please enter a valid URL