ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում է կայացրել Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի լիազորությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ.
«ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն Օհանյանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք: Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Դ. Համբարձումյանի և Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան, մաժամանակ իրազեկելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը»: