Ուսումնասիրելով Շիրակի պետական համալսարանի վերջին երեք տարիների հաստիքացուցակը և դրան համապատասխան աշխատավարձերը` ևս մեկ անգամ համոզվում եմ, որ նախկին տխրահռչակ ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի կոռումպացված ղեկավար Սահակ Մինասյանը, ոչ միայն չի հասկացել բուհի առաքելությունը, այլ մինչև վերջ փորձեց անդունդը գլորել 85-ամյա բուհը:
Ավելի տեսանելի ցույց տալու համար պատկերը ներկայացված է աղյուսակով (տե´ս հավելված 1).
Ուսանողական համակազմի թիվը կտրուկ նվազելու է 2018-2019 ուստարում՝ կախված ավագ դպրոցի շրջանավարտների թվից: 2017-2018 ուստարում ունենք 665 շրջանավարտ, իսկ լավագույն դեպքում այս տարի կարող ենք ընդունել 370-ին մոտ առաջին կուրսեցիներ: Այսինքն` 2018-2019 ուստարում լավագույն պլանավորման դեպքում ընդամենը կունենանք 2286 ուսանող:
2018 թվականին հաստատված հաստիքացուցակից ակնհայտ երևում է, որ վարչական աշխատակազմի թիվն ավելի է ուռճացվել և երեք տարվա կտրվածքով ավելացել 60%-ով, իսկ ուսանողական համակազմի թիվը պակասելու է ավելի քան 28%-ով:
2018 թվականի դասաբաշխման ժամանակ արդեն բոլորիս համար պարզ կլինի, որ բուհն ունի հավասար քանակով պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմ, բնականաբար սա բուհական համակարգում կործանարար երևույթ է:
2018 թվականի ապրիլի 19-ին հաստատված հասիքացուցակով ռեկտորը ունի 1 դրույք օգնական՝ վճարելով 250 000 դրամ, մեկ դրույք խորհրդական՝ վճարելով 300 000 դրամ, մեկ դրույք գործավար՝ վճարելով 200 000 դրամ, 1 դրույք աշխատակազմի ղեկավար՝ վճարելով 400 000 դրամ, 1 դրույք մամլո խոսնակ՝ վճարելով 180 000 դրամ, մեկ վարորդ՝ վճարելով 150 000 դրամ, իսկ իր աշխատավարձը կազմում է 700 000 դրամ: Այսպիսով, ռեկտորի աշխատավարձը և անմիջական սպասարկումը համալսարանի համար ամսական կազմում է 2 000 000 ՀՀ դրամ, այսինքն` տարեկան 24 000 000 (քսանչորս միլիոն) ՀՀ դրամ (մոտավորապես 110 ոսանողի վարձավճար), իհարկե չհաշվված ծառայողական մեքենայի մինչև 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամի ծախսերը և այլ ծախսեր:
Նոր հաստիքացուցակի համաձայն ունենք «Հյուրատան և հասարակական սննդի կազմակերպման» բաժին՝ տրամադրելով 17 դրույք, որոնց ամսական ընդհանուր աշխատավարձը կազմում է 1 661 966 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ, այսինքն` տարեկան կտրվածքով 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ (մոտ 90 ուսանողի վարձավճար): Նշենք, որ նախկին ռեկտորը միշտ բարձրաձայնում էր, որ համալսարանի բուֆետը աշխատում է ինքնածախսածածկմամբ, սակայն այդպես էլ անհասկանալի է, թե ինչու ենք բուհի բյուջեից տալիս աշխատավարձ, գնում սնունդ, այսինքն` 2017 թ-ի ֆինանսական հաշվետվության ելքերի մեջ հստակ տեսնում ենք գումարի չափը, սակայն մուտքերի մեջ չկա որևէ լումա: Սա զավեշտ է:
Տնտեսական գործունեության, գնումների համակարգման բաժինն ունի 7 հաստիք և ամսական ընդհանուր աշխատավարձը կազմում է 1 140 000 (մեկ միլիոն հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ, այսինքն` տարեկան կտրվածքով մոտ 13 680 000 (տասներեք միլիոն վեց հարյոր ութսուն հազար) ՀՀ դրամ (մոտ 62 ուսանողի վարձավճար):
Ֆինանսատնտեսական վերլուծությունների, ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնին տրված է 6 դրույք, որոնց ամսական ընդհանուր աշխատավարձը կազմում է 1 280 000 (1 միլիոն երկու հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, այսինքն` տարեկան 15 360 000 (տասնհինգ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ (մոտ 70 ուսանողի վարձավճար): Եվ այսպես շարունակ:
Ցավալին այն էր, որ նախկին ռեկտորի առաջին քայլը բուհի ամենակենսական ստորաբաժանումների փլուզումն էր. 21 ամբիոնները միավորեց 13 ամբիոնների, իսկ 6 ֆակուլտետը՝ 4 ֆակուլտետի՝ մեկնաբանելով բյուջեի արդյունավետ ծախսման անհրաժեշտությամբ: Ստեղծվեցին այնպիսի ամբիոններ, որն անգամ վատագույն երազում հնարավոր չէր տեսնել: Օրինակ՝ «Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների» ամբիոն՝ մեխանիկորեն միավորելով երեք ամբիոններ, «Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի» ամբիոն՝ միավորել երեք ամբիոններ, «Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի» ամբիոն՝ միավորելով երկու ամբիոն և այլն:Նույն պահին փակվեց Գիտության և հետազոտության բաժինը՝ մեկնաբանելով, որ համալսարանը չունի առանձին բաժին ունենալու կարիք, իսկ այս տարի էլ հասկացավ, որ ավելորդ է Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի հաստիքը, իսկ մեր բուհի համար կենսական նշանակություն ունեցող կարևոր հաստիք է համարվում աշխատակազմի ղեկավար-պրոռեկտորը:
Ոչ թե բառերով, այլ փաստերով է ակնհայտ այդ տխրահռչակ անձի վարած հակագիտական քաղաքականությունը և բուհի խեղաթյուրված նոր առաքելությունը:
Հ.Գ. Նախկին ռեկտորի հակագիտական քայլերի վառ օրինակ է աշխատավարձի անհասկանալի և ոչ հավասարաչափ բարձրացումը, որը մեկնաբանվում էր որպես աշխատավարձի 40%-ի բարձրացում:(տե´ս հավելված 2).
Իրականում,Սահակ Մինասյանը ահռելի աշխատավարձեր տալով իր ֆան-ակումբի ներկայացուցիչներին տարրական թալանի ենթարկեց բուհը և հիմա էլ այդ նույն մարդկանց համոզում է,որ նա շուտով՝2 ամսից, հետ է վերադառնալու,իսկ եթե չստացվի էլ,ապա իր ուզած “ընդդիմադիր” մարդուն են կարգելու ռեկտորի պաշտոնում,որ նույնկերպ լափեն համալսարանի բյուջեն և թույլ չտան,որ բացահայտվեն իր և հարազատ ֆան-ակումբի որոշ ներկայացուցիչների գործած ապօրինություները և հանցագործությունները…
Գագիկ Համբարյան